Ի՞նչ խնդիր է ուզում լուծել Նիկոլ Փաշինյանը՝ «տաք» պահելով ՀԷՑ-ի թեման․ 168.am

Նիկոլ Փաշինյանն ակնհայտ վախեր ունի գործարար ու բարերար Սամվել Կարապետյանի անձի նկատմամբ։ Անգամ նրա ստվերի դեմ է սկսել համառորեն պայքարել։ Օրեր առաջ հանձնարարեց հապշտապ ապամոնտաժել Հյուսիսային պողոտայում տեղադրված գործարարի լուսանկարով էկրանները։
Բայց դրանով էլ չի հանգստանում, չի կարողանում թաքցնել սեփական վախերը։
Անհիմն մեղադրանքներով Սամվել Կարապետյանին կալանավորելու հետ կապված՝ հասարակության շրջանակներում առաջացած դժգոհությունների ալիքը կանխելու ակնկալիքով, փորձում է հնարավորինս «տաք» պահել գործարարի ու գործարարին պատկանող ընկերությունների նկատմամբ բացասական տրամադրություններ գեներացնելու և հատկապես ՀԷՑ-ի, այսպես կոչված՝ պետականացման թեման։
Գրեթե ամենօրյա ռեժիմով գրառումներ է կատարում՝ տպավորություն ստեղծելու համար, թե իբր ժողովրդից «խլածը» պատրաստվում է վերադարձնել ժողովրդին։ Բայց մոռանում է, որ ժողովուրդը վաղուց համոզվել է, թե ինչ արժեք ունեն իր ասածները։
Ժամանակին էլ «թալանը» վերադարձնելուց ու ժողովրդին բաժանելուց էր խոսում։ 7 տարի պետական բյուջեի իսկական թալան են կազմակերպել ու հարստացել։ Թալանը վերադարձնողն ԱՆԻՖ-ի թալանը թող վերադարձնի ժողովրդին. Միայն այս մի ծրագրով պետական բյուջեից ու ժողովրդի վճարած հարկերից 75 մլն դոլար են մսխել։
Այդքանից հետո դեռ հույս ունի, որ կգտնվեն հարյուր-հազարներով միամիտ քաղաքացիներ, ովքեր կհավատան իր կեղծ ժողովրդասիրությանը։
ՀԷՑ-ի պետականացման պլանի պատրաստ լինելու ու շուտով գործնական քայլերի դիմելու մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը, բայց թաքցնում է, թե ի՞նչ հիմքերով է մտադիր պետականացնելու անվան տակ խլել մասնավորի սեփականությունը։ Մինչև հիմա հնչեցված միակ հոդաբաշխ պատճառաբանությունը եղել է այն, որ ընկերությունը չի կատարել սպառողների նկատմամբ իր ստանձնած պարտավորությունները։ Ի՞նչ պարտավորությունների մասին է խոսքը, հայտնի չէ։
Սպառողների նկատմամբ ՀԷՑ-ի պարտավորությունների կատարման ապահովման պատասխանատվությունը դրված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վրա։ Երբեմն-երբեմն տարբեր պատճառաբանություններով տուգանքներ են նշանակվել ՀԷՑ-ի նկատմամբ, ինչը նման ընդգրկուն ենթակառուցվածք ու տասնյակ-հազարավոր բաժանորդներ ունեցող ընկերության պարագայում միանգամայն բնական է, բայց մինչև հիմա Հանձնաժողովն անգամ ակնարկ չի հնչեցրել այնպիսի թերացումների վերաբերյալ, որոնք կարող են ընկերության պետականացման հիմք դառնալ։
Ավելին, ընդամենը 1 ամիս առաջ Հանձնաժողովը որոշեց երկարացնել ընկերության գործունեության լիցենզիան՝ սահմանելով մինչև 2029թ. փետրվարի 1-ը։
Որպեսզի պարզ լինի, թե ՀԷՑ-ն ինչքանո՞վ է կատարել իր պարտավորությունները, ամեն տարի Հանձնաժողովը մոնիտորինգ է իրականացնում։
Այս պահին դեռ հայտնի չեն 2024թ. մոնիտորինգի արդյունքները, չնայած հերթական տարին արդեն կիսվում է։ Դրա համար ներկայացնենք մի քանի ցուցանիշներ՝ 2023թ. կատարված աշխատանքների շրջանակներում իրականացված մոնիտորինգի արդյունքներից։
«2023թ. ընթացքում 0,4/6 (10) և 35/110 կՎ լարման ցանցերում էլեկտրատեղակայանքների հրաժարումների քանակը 2022 թվականի համեմատ բարելավվել է 30,7 տոկոսով, մեկ բաժանորդի հաշվով հոսանքազրկումների միջին հաճախությունը բարելավվել է 8,7 տոկոսով, իսկ հոսանքազրկումների միջին տևողությունը՝ 18,1 տոկոսով։
Սպառողների հոսանքազրկումների վերականգնման միջին տևողությունը 2022 թվականի համեմատ բարելավվել է 18 տոկոսով, 12,85 ընդհատում/ժամից՝ հասնելով 10,5 ընդհատում/ժամի։
Մատակարարվող էլեկտրական էներգիայի լարման շեղման միջին հաճախության (լարման շեղման/բաժանորդ) և տևողության (ժամ/բաժանորդ) ընդհանուր ցուցանիշները 2022 թվականի համեմատ բարելավվել են համապատասխանաբար՝ 3,1 տոկոսով և 8,9 տոկոսով»,- արձանագրել է Հանձնաժողովը։
Վերջին տարիներին էապես կրճատվել են հատկապես համակարգի կորուստները՝ ավելի քանի 11 տոկոսից 2024թ. հասնելով 6,6 տոկոսի։ Թե կորուստների այսպիսի կրճատումն ի՞նչ է նշանակում, մասնագետները լավ կհասկանան։ Կորուստն այն հիմնական գործոններից մեկն է, որն ազդում է սակագների վրա։ Որքան շատ են կորուստները, այնքան սակագների վրա ճնշումն ավելի մեծ է։
Այսքանից հետո, պարզ է, որ ՀԷՑ-ը պետականացնելու իշխանությունների մտասևեռումների հետևում ո՛չ սպառողների շահերի պաշտպանությունն է, ո՛չ էլ այն ժողովրդին վերադարձնելը։ Քաղաքական շարժառիթներով ուզում են ՀԷՑ-ը խլել Սամվել Կարապետյանից։ Կարևոր չէ, թե հետո ինչ կլինի։
Համակարգի պետականացումը, որի մասին խոսում են, թաղելու է այն բոլոր ձեռքբերումները, որոնք տեղի են ունեցել այս տարիների ընթացքում։ Մինչև հիմա տեսել ենք, թե ինչպես են կառավարում պետական ընկերությունները։ Վկա նույն ԱՆԻՖ-ը, որն ընդամենը 3 տարվա կյանք ունեցավ։ Հսկայական գումարներ մսխելուց հետո՝ սնանկացավ, ու ստիպված փակեցին։
Երևանի աղբահանության ծառայությունն էլ ժամանակին վերցրեցին մասնավորից։ Հիմա կրկնակի-եռակի ավելի շատ փող են ծախսում քաղաքային բյուջեից՝ նույն աշխատանքը կատարելու համար։ Ու քանի որ պետական «փայլուն» կառավարման արդյունքում ծախսերը մեծապես ավելացել են, կտրուկ բարձրացրեցին աղբահանության ծառայության վճարները։
Այդպես եղավ նաև Երևանի քաղաքային տրանսպորտի պարագայում, երբ որոշեցին մասնավորից վերցնել. Անգամներով բարձրացրեցին ուղեվարձը։
Պետականացնելու դեպքում՝ վաղը նույնը լինելու է հոսանքի սակագների պարագայում։
Եթե այսօր որոշակի զսպման մեխանիզմներ կան Հանձնաժողովի ու մասնավորի միջև՝ սակագների փոփոխության հետաքրքրությունների առումով, պետականացնելուց հետո դա էլ չի լինելու։
Ինչքան սրտներն ուզենա՝ կբարձրացնեն, ինչպես արեցին աղբահանության ու քաղաքային տրանսպորտի պարագայում։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ