Սամվել Կարապետյանը կհաղթի միջազգային բոլոր ատյաններում. իրավագետը թվարկում է մեխանիզմները

ՀՀ իշխանությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պետականացնելու հարցում գնում է ոչ թե սահմանադրական, այլ ընդամենն օրենսդրական փոփոխությունների ճանապարհով, որը հնարովի մեխանիզմ է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց իրավագետ Գոհար Մելոյանը։
Նիկոլ Փաշինյանը հունիսի 26–ին հայտարարեց, որ ԱԺ–ում է արդեն ՀԷՑ–ի պետականացման օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որը ենթադրում է նաև ընկերության բաժնետոմսերի ազատ վաճառք։ Նույն օրը ԱԺ–ի կայքում հրապարակվեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթը, որը ներառված է արտահերթ նստաշրջանի օրակարգում։
Մելոյան խոսքով` այն, ինչ կատարվում է գործարար, բարերար Սամվել Կարապետյանի և ՀԷՑ–ի շուրջ, բացառապես քաղաքական ենթատեքստ ունի։
«Իշխանությունը կարող է ծածկադմբոց անել կամ չնկատելու տալ ցանկացած մասնավոր ընկերության թերի գործունեությունը, քանի դեռ նա իրեն ոչ հաճո քաղաքական խոսքով հանդես չի եկել»,– նշեց իրավագետը։
Մելոյանի համար դժվար է պատկերացնել, թե օրենսդրական փոփոխություններով իշխանությունն ինչպես է ձևակերպելու ՀԷՑ–ի պետականացումը, քանի որ ՀՀ Սահմանադրությունը սեփականության իրավունքի սահմանափակման կոնկրետ դեպքեր է սահմանում, և դրանք երկուսն են։
«Առաջին դրվագը դատական կարգն է։ Օրինակ` եթե Կարապետյանի նկատմամբ կայացվի փողերի լվացման որոշում, ապա ՀԷՑ–ի բաժնետոմսերը կանցնեն պետությանը։ 2–րդ դրվագը հանրային գերակա շահն է։ Այս դեպքում ՀՀ Սահմանադրությունն ու օրենսդրությունը նախատեսում են նախնական ու համարժեք փոխհատուցման պայմաններ, ավելին` օրենքը ընկերության հիմնական արժեքից +15 տոկոս է պահանջում»,– պարզաբանեց իրավագետը։
Մինչդեռ, ըստ նրա, իշխանությունը հիմա գնում է մեկ այլ ճանապարհով ու հնարում մեկ այլ մեխանիզմ` օրենսդրական փոփոխություններ, որոնք պայմանավորված են ՀԷՑ–ի սեփականատիրոջ նկատմամբ քաղաքական հետապնդմամբ։
«Միջազգային ներդրումային իրավունքի տեսանկյունից սա դասական անուղղակի բռնագրավում է, որը տարածված երևույթ է` իրավական պետության համար անթույլատրելի և անհամահունչ։ Արդյունքում ոչ թե կպետականացնեն, այլ կխլեն մասնավորի գույքը»,- ընդգծեց Մելոյանը։
ԱԺ ներկայացված օրենսդրական փոփոխություններով, որոնք կքննարկվեն հուլիսի 1-ի ԱԺ արտահերթ նիստի ժամանակ, սահմանվում է, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կարող է նշանակել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ, որին կվերապահվեն ընկերությունը կառավարելու բոլոր լիազորությունները, և անգամ ՀԷՑ–ի բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք չի ունենա միջամտելու ժամանակավոր այդ կառավարչի լիազորություններին։
«Ըստ էության պարզ է, որ այդ կառավարիչը հրաժարվելու է ՀԷՑ-ին տրված լիցենզիայից։ Արդյունքում փոքր փոխհատուցմամբ կպետականացնեն ՀԷՑ–ի բաժնետոմսերը։ Նշեմ, որ այսպիսի միջամտությունը ունենալու է լուրջ հետևանքներ առաջին հերթին սովորական հարկատուներիս համար, քանի որ իրենք պարարտ հող են նախապատրաստել, որ մասնավոր սեփականատերը հետագայում այս ողջ գործընթացը բողոքարկի։ Այս դեպքում, միջազգային փորձը հաշվի առնելով, պարզ է, որ մասնավորը դրական ելք է ունենալու։ Արդյունքում, որպես փոխհատուցում, գործ ենք ունենալու հսկայածավալ գումարների հետ»,– ասաց Մելոյանը։
Նա ընդգծեց` օրենսդրական այս փոփոխությունները բավականին խնդրահարույց են մասնավորի իրավունքի տեսանկյունից, և մասնավորը շատ հանգիստ կկարողանա դիմել միջազգային ատյաններին` որպես վերջնարդյունք ունենալով հաղթական ելք։
«Քաղաքական բանտարկյալ ձևակերպումը հստակ սահմանվում է ԵԽԽՎ բանաձևերով, իսկ Սամվել Կարապետյանը բանաձևերում նշված բոլոր հինգ կետերով համապատասխանում է այդ կարգավիճակին։ Ակնհայտ է, որ եթե սեփականության իրավունքը հակաիրավական այս եղանակով սահմանափակվեց, ապա հետագայում իրենք լավ զինված իրավական ողջ գործիքակազմով այս հարցերը բարձրաձայնելու են միջազգային ատյաններում»,- վերահաստատեց իր խոսքը իրավագետը։
Հաշվի առնելով, որ ՀԷՑ–ի սեփականատեր միջնորդ կազմակերպություններից մեկը կիպրական ծագում ունի, իսկ ՀՀ–ն Կիպրոսի հետ ունի երկկողմանի ներդրումների համաձայնագիր, որը պաշտպանում է երկուստեք ներդրողների իրավունքները, ըստ Մելոյանի, այս հիմքով ևս մասնավորը միջազգային հարթակներում բողոքարկում կներկայացնի ու ակնհայտորեն դրական ելքով արդյունք կարձանագրի։