Արցախի ԱԺ-ն հայտարարություն է տարածել

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունների հայտարարությունը 2025թ. մայիսի 21-ին լրացել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնավարման ժամկետը՝ Սահմանադրության 88-րդ և 168.1-րդ հոդվածների համաձայն։ Հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրում և ընտրություն առայժմ չեն կայացել՝ պայմանավորված հետևյալ հանգամանքներով.
• Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան, Արցախի օկուպացիան և Արցախի ժողովրդի բռնի տեղահանության հետևանքով ստեղծված իրավիճակը,
• Հայաստանի իշխանությունների որդեգրած դիրքորոշումները՝ արցախյան հակամարտության կարգավորման և Արցախի պետական ինստիտուտների գործունեության, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը,
• Տարածաշրջանում առկա անվտանգային միջավայրը և դրանից բխող մարտահրավերներն ու սպառնալիքները։ ԱՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը Հանրապետության նախագահի լիազորություններն իրականացնում է Ազգային ժողովի նախագահը: «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցություն «Միասնական հայրենիք» խմբակցություն «Արդարություն» խմբակցություն «ՀՅ Դաշնակցություն» խմբակցություն «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցություն