Տեղի ունեցողն իր մեջ էներգետիկ, տնտեսական և ավելի լայն` ազգային անվտանգության ռիսկեր է պարունակում․ Վահե Դավթյան

Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
“Հայաստանի էլեկտրական ցանցեր”֊ի հնարավոր պետականացումը առավել քան հակասում է այս իշխանությունների կողմից որդեգրված էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման քաղաքականությանը։
Ավելին` ազատականացմանն է հակասում նույնիսկ պետականաացման մասին որևէ հիշատակում, առավել ևս` քաղաքական համատեքստում։
Սա հերթական անգամ վկայում է այն մասին, որ Հայաստանի կառավարումն իրականացվում է հակահամակարգային` “ручной режим”-ով։
Ինչպես և ցանկացած խոշոր ենթակառուցվածքային ընկերություն, ՀԷՑ֊ը ևս առանձնանում է բազմաթիվ խնդիրներով, որոնց ինքս բազմիցս հրապարակավ անդրադարձել եմ։
Սակայն նախ` անթույլատրելի եմ համարում երկրի էներգետիկ անվտանգության առանցքային ինստիտուտներից մեկը քաղաքական֊կոնյունտուարային նպատակներով օգտագործելը։
Միաժամանակ, ակնհայտ է, որ ընկերության հնարավոր պետականացումը հանգեցնելու է Հայաստանում սակագների աճի։
Ինչպե՞ս է կառավարությունն իրականացնելու համակարգի պերմանենտ մոդեռնիզացման համար անհրաժեշտ ներդրումային ծրագիրը։
Իհարկե, միջազգային ինստիտուտներից վարկային միջոցների ներգրավման ճանապարհով։
Դա հանգեցնելու է պետական պարտքի աճին, որը սպասարկելու համար կառավարությունը ստիպված է լինելու բարձրացնել սակագները։
Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման համեստ ցուցանիշների, առևտրի ու ծառայությունների վրա խարսխված հակաինդուստրիալ տնտեսության, էլեկտրաէներգիայի արտահանման հետզհետե կրճատվող հնարավորությունների պայմաններում երկրի էներգետիկ համակարգը պարզապես ի վիճակի չէ դուրս գալու եկամտաբերության այնպիսի մակարդակի, որպեսզի սեփական ուժերով սպասարկի այդ վարկերը։
Այսպիսով, տեղի ունեցողն իր մեջ էներգետիկ, տնտեսական և ավելի լայն` ազգային անվտանգության ռիսկեր է պարունակում։