Ստուգումներ՝ «Տաշիր պիցցայում»․ փակել են մի մասնաճյուղ

«Հրապարակ»-ը քիչ առաջ տեղեկացավ, որ ՍԱՏՄ-ն փակել է «Տաշիր պիցցա» պիցցերիաների ցանցի մի մասնաճյուղ, եւ ստուգումներ են իրականացվում այլ մասնաճյուղերում։
«Տաշիր պիցցան» եւս պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, ով հայտնվել է Նիկոլ Փաշինյանի թիրախում եւ ում այսօր Փաշինյանի հրահանգով մեղադրանք Է առաջադրել Քննչական կոմիտեն՝ «իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի» հոդվածով։
«Տաշիր պիցցայի» ցանցի մարքեթինգային բաժնի աշխատակից Արտակ Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը՝ ասելով, որ այսօր փակել են Մաշտոցի 50 հասցեում գտնվող մասնաճյուղը։
Դա կապվա՞ծ է այժմ տեղի ունեցող պրոցեսների հետ՝ Սամվել Կարապետյանի դեմ, պատասխանեց․ «Չէ, բացարձակ, պատահականություն է ժամանակաշրջանների համընկումը․․․Ոչ մեկս էլ ապահովվագրված չենք, կարող է մի խնդիր առաջանա, որ նկատեն, ուզենան կանխեն»։ Նա նշեց նաեւ որ ստուգումներն իրականացվում են իրենց դիմում-խնդրագրով։ Պարզ է, որ ընկերությունը փորձում է չսրել իրավիճակը եւ այս հանկարածահաս աղետները վերագրել «պատահականության»: Բայց անգամ երեխաներին հասկանալի է, որ սրանք քաղաքական հետապնդումների շարքում են եւ հրահանգված են ամենավերին օղակից: