Սամվել Կարապետյանի հանդեպ իրականացվողը անձնական հաշվեհարդարի փորձ է

«Ժողովրդավարություն և Աշխատանք» կուսակցությունը (ԺԱԿ), հիմք ընդունելով անվանի բարերար և գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ երեկվանից իրականացվող գործողությունները, հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Ժողովրդավարություն և Աշխատանք» կուսակցությունը (ԺԱԿ) խստորեն դատապարտում է իրավապահ մարմինների կողմից հայ անվանի գործարար և բարերար Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող աննախադեպ հետապնդումը, որը, դատելով ամենից, ոչ այլ ինչ է, քան իշխանության ամենավերին մակարդակից իջեցված պատվերի շրջանակում Հայ առաքելական սուրբ եկեղեցու հավատավոր հետևորդ և բարերա Սամվել Կարապետյանի հանդեպ անձնական հաշվեհարդար տեսնելու, նրա արդարամիտ խոսքը բռնի լռեցնելու ամոթալի, ձախավեր փորձ: Ասվածի վկայությունն է թեկուզ այն մեկ փաստը, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կամայական գործողությունների մեկնարկը տրվել է ՀՀ գործող վարչապետի՝ ֆեյսբուքյան անձնական էջում կատարված հայհոյախառն սպառնալիքների հրապարակումից կարճ ժամանակ անց:
«Ժողովրդավարություն և Աշխատանք» կուսակցությունն (ԺԱԿ) իր աջակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանին, միաժամանակ վստահեցնելով, որ երկրի և ազգի համար այս դժվարին՝ մարտահրավերներով լի պահին, հետամուտ է լինելու օրվա իշխանությունների կամայականությունների հետևանքով առաջացած ազգավնաս թնջուկի հաղթահարմանը, և որ ամենակարևորն է՝ Հայաստանում ազգային միասնության և Հայ առաքելական եկեղեցու անսասանության ապահովմանը: