Էրդողանը հրամայել է ավելացնել հրթիռների արտադրությունը

Իսրայելա-իրանական հակամարտության ֆոնին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնյաներին հանձնարարել է ավելացնել միջին և մեծ հեռահարության հրթիռների արտադրությունը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը:
«Այս քայլը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Իսրայելն ու Իրանը հինգերորդ օրն անընդմեջ փոխանակվում են համազարկային կրակի հարվածներով, ինչը մտավախություններ է առաջացնում, որ պատերազմը կարող է տարածվել նավթով հարուստ Մերձավոր Արևելքի այլ երկրներում:
Վերջին ամիսներին մի քանի աշխարհաքաղաքական լարվածություններ դրդել են երկրներին ավելացնել պաշտպանության ծախսերը, և Թուրքիան ցանկանում է մաս կազմել այս սպառազինությունների մրցավազքին», – գրում է Bloomberg-ը:
Իսրայելի և Իրանի միջև փոխադարձ հարվածները շարունակվում են արդեն հինգերորդ օրը։ Իրանի իշխանությունները հայտնել են իսրայելական հարվածներից 220-ից ավելի զոհի մասին, որոնց մեծ մասը քաղաքացիական անձինք են։ Իսրայելը հայտնել է իրանական պատասխան հարվածներից 24 զոհի մասին։