Տեղահանված արցախցիները դրսում հայտնվելու վտանգի առաջ են. տանտերերը պահանջում են ազատել բնակարանները

Հերթական հակամարտությունը տարածաշրջանում կանխատեսում է ներգաղթյալների հոսք, իսկ այն կանխատեսում են նախ եւ առաջ անշարժ գույքի վարձակալության շուկայի տերերը։ Երեկվանից կոչեր հնչեցին ՀՀ իշխանություններին՝ վերահսկելու իրավիճակը։ Այսօր համացանցում արդեն տեսանելի են՝ վարձերի ուշացման պատճառով, տարբեր պատրվակներով մարդիկ կանգնած են դրսում հայտնվելու վտանգի առաջ։ Այս մասին գրում է «Ապառաժ»-ը:
Այսօր հունիսի 17-ն է, սակայն ՀՀ Կառավարությունն առ այսօր չի փոխանցել տեղահանված արցախցիների վարձավճարները, այսօրվա տվյալներով դեռ հայտնի չէ, երբ կմեկնարկեն հատկացումները։ Սոցիալական ծանր բեռի տակ հայտնված ընտանիքները բարձրաձայնում են իրենց խնդիրները, սակայն արձագանք չկա։ Տանտերերն օգտվելով ստեղծված իրավիճակից՝ նրանցից պահանջում են ազատել տունը։
Հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը բաց նամակ է հղել վերջերս ՀՀ Կառավարությանը՝ կոչ անելով պարզապես արժանապատիվ կյանքի պայմաններ ապահովել բոլոր տեղահանվածների համար՝ անկախ գտնվելու վայրից, ընտանիքի կազմից, տարիքից ու այլ հանգամանքներից։
Կառավարությունից արձագանք չկա, փոխարենն այսօր սոցիալական տիրույթում հանդիպում ենք ընտանիքների դրսում հայտնվելու ահազանգերի, որոնք մեր հայրենակիցները հնչեցնում են։
Հիշեցնենք, հունիսի 1-ից մեկնարկել է սոցաջակցության նոր կարգը, որի ծրագիրը բազմաթիվ խնդիրներ ունի, շատերը չեն կարողանում այն լրացնել։
Արցախցիները շարունակում են պնդել, որ աջակցությունները պետք է շարունակվեն՝ մինչեւ յուրաքանչյուր ընտանիք ապահովվի սեփական բնակարանով, սակայն նրանց ձայնը լսելի չէ, շատերը հիասթափված կրկին բռնել են արտագաղթի ճանապարհը։ Արցախցիները մենակ են իրենց խնդիրների հետ։