Իսրայելն առաջին անգամ կիրառել է լազերային զենք

Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) առաջին անգամ կիրառել է «Երկաթե ճառագայթ» լազերային հակաօդային պաշտպանության համակարգը՝ խոցելու իրանական հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը։ Տեղեկությունը հայտնել է Իսրայելի դեսպանության ներկայացուցիչը՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ըստ դեսպանության՝ լազերային համակարգը փորձարկման ռեժիմով արդեն օգտագործվում է իրանական հարձակումները կասեցնելու համար, իսկ ներկայիս կիրառությունը Իրանի հետ հակամարտության ժամանակ առաջինն էր իրական մարտական իրավիճակում։
«Երկաթե ճառագայթը» նախատեսված է փոքր հեռահարության հրթիռների, ականների և անօդաչուների ոչնչացման համար՝ մինչև 7 կմ շառավղով։ Այն լրացնում է «Երկաթե գմբեթ» համակարգը՝ խոցելով այն թիրախները, որոնք չափերով չափազանց փոքր են ավանդական միջոցներով որսալու համար։