«Վերջին զրույցի ժամանակ Արսենն ասաց՝ երեխեքիս լավ կնայես». պայմանագրային զինծառայող Արսեն Մադոյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ուսանող էի, Վարդենիսում էի սովորում։ Հորեղբորս տանն էի մնում, ամուսնուս քույրն էլ նրանց հարևանն էր։ Հենց նա էլ Արսենին ասել էր՝ լավ աղջիկ կա, արի, տես՝ կհավանես։ Արսենն էլ գալիս, տեսնում, ինչպես ասում են՝ հավանում է։ Անցնում է երկու տարի, ընդ որում՝ այդ ընթացքում մենք չենք շփվել։ Արսենն անընդհատ գնում-գալիս էր, շփվեցինք մեկ տարի, և 2011 թվականին ընտանիք կազմեցինք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մերին՝ Արսենի կինը։

Արսենը ծնունդով Վարդենիս քաղաքից է: Սովորել է Վարդենիսի թիվ 3 միջնակարգ դպրոցում։ Մերին ասում է, որ Արսենի մասին խոսելիս բոլորն են ընդգծում՝ դեռ վաղ տարիքից աչքի է ընկել պարտաճանաչությամբ և մարդկանց սիրելու իր կարողությամբ։ Մերին Արսենի բնավորության և տեսակի մասին խոսելիս առաջին հերթին շեշտում է՝ այնպես չստացվի, որ իմ ամուսինն է, գովում եմ իրեն. «Իսկապես հրաշալի մարդ էր։ Լավ հայր ու ամուսին էր, նույնպիսի որդի էր իր ծնողների համար։ Շատ բարի էր, անմիջական, մեծ սիրտ ունեցող մարդ էր, չափից դուրս հոգատար հայր մեր երեք երեխաների՝ երկու աղջկա և տղայի համար»։

Արսենը 2004-2006 թթ. իր ժամկետային պարտադիր զինծառայությունն անցկացրել է Նոյեմբերյանի զորամասում: Իսկ ահա 2014 թվականից անցնում է պայմանագրային ծառայության Քարվաճառում։ Արսենը մասնակցել է թե՛ 2016 թ. Ապրիլ յան, թե՛ 44-օրյա պատերազմներին։

 

 

Մերին նշում է՝ ամուսինը մշտապես գտնվում էր առաջնագծում: Մերիի եղբայրները պայմանագրային զինծառայողներ էին, անընդհատ դիրքեր էին բարձրանում։ Հենց սա է, կարծես, խթան հանդիսացավ, որ Արսենն էլ պայմանագրային ծառայության անցնի։ «Արսենին էլ, կարծես, գրավեց զինվորականի գործը, համազգեստը, և այդպես էլ որոշեց անցնել պայմանագրային զինծառայության։ Ես էլ էի շատ սիրում զինվորականի գործը, համազգեստը, աննկարագրելի մի վերաբերմունք ունեի դրա նկատմամբ։ Հիմա, իհարկե, շատ բան է փոխվել, էլ չեմ սիրում։

Համազգեստն Արսենին շատ էր սազում։ Ինքն այնքան սիրով էր ծառայում։ Պարտաճանաչ էր, կազմակերպված, երբեք ծառայությունից տանը չի խոսել։ Եթե անգամ իրեն հարցեր էինք տալիս, թե ինչ կա չկա, ինչպես է դրությունը, չէր պատասխանում, խոսքը փոխում էր։ Ընդհանրապես, ոչ մի բան չէր պատմում դիրքերից ու ծառայությունից»։

Սկսվում է 44-օրյա պատերազմը։ «Սեպտեմբերի 23-ին Արսենը բարձրացավ դիրքեր՝ իր սովորական, հերթական հերթապահությունն էր սկսվում։ 27-ին սկսվեց պատերազմը, Արսենը դիրքերում էր։ Պատերազմն սկսվելուն պես, բնականաբար, իրեն էինք զանգահարում, ուզում հասկանալ, թե ինչ է կատարվում։ Իհարկե, շատ անհանգիստ էինք։ Չէր ուզում մեզ վախեցնել, երբեք չի ասել, որ դրությունը վատ է, հակառակը՝ ամեն ինչ լավ է, նորմալ, հաղթահարելու ենք, ոչ մի խնդիր չկա։ Այնպես էր ամեն ինչ ներկայացնում, պատմում, կարծում էիր, թե այնտեղ ոչինչ չի կատարվում։

Սեպտեմբերի 28-ին զանգահարեց։ Մեր տղան շատ է կապված հայրիկի հետ, այդ ժամանակ չորս տարեկան էր։ Անընդհատ մեր տղայի հետ էր խոսում, հեռախոսն ինձ չէր հասնում։ Նա էլ կարճ ժամանակով էր զանգում, միայն՝ որ մեր ձայնը լսեր, մենք էլ իմանայինք, որ իր հետ ամեն ինչ կարգին է։ Այդ օրը զրուցեցինք, հարցրեցի՝ ի՞նչ կա, ոնց ես։ Արձագանքեց՝ լավ եմ։ Բայց մի տեսակ տխուր էր, դա նրան բնորոշ բան չէր, որքան էլ դժվարություններ լինեին, նա երբեք դա ցույց չէր տալիս։ Բայց այդ օրը ձայնի մեջ տխրություն կար։ Հարցրեցի՝ հաց կերե՞լ ես։ Պատասխանեց՝ ոչ։ Զրույցի ժամանակ ինձ ասաց՝ երեխեքիս լավ կնայես։ Արձագանքեցի՝ չեմ կարող դա միայնակ անել, կգաս, միասին կանենք։ Այդ զրույցից հետո սկսեցի մի տեսակ վախենալ, անհանգստությունս մեծացավ, մտածեցի, որ մի բան այն չէ»։ Սեպտեմբերի 28-ին ժամը հինգից վեցի միջակայքում էր Արսենի վերջին զրույցը կնոջ՝ Մերիի հետ։ «Ինձ հետ խոսելուց հետո էլի զրուցեց մեր տղայի հետ, ու զանգն ընդհատվեց։ Իսկ մի քանի ժամ հետո իմացանք, որ Արսենը ծանր վիրավորում է ստացել, տեղափոխել են Վարդենիսի հոսպիտալ։ Իր խմբից միայն Արսենի վիրավորումն է ծանր եղել, մնացածի վիրավորումներն ավելի թեթև են եղել, շատերն, ինչպես ասում են, իրենց ոտքով են գնացել հոսպիտալ»։

Երբ Արսենին տեղափոխում են հոսպիտալ, Մերիի ավագ եղբայրն այնտեղ է լինում։ «Ընկերներից մեկը նրան հայտնում է, որ Արսենը ծանր վիրավորում է ստացել։ Հետո Արսենին Վարդենիսից տեղափոխում են Երևան։ Նա վիրավորվել էր սեպտեմբերի 28-ին, անմահացել սեպտեմբերի 30-ին՝ այդպես էլ գիտակցության չգալով։ Վիրավորումը գլխի շրջանում էր»։

Արսենի մղած մարտերը Քարվաճառում էին։ Տղաներն են պատմել՝ ոչ միայն անձնվիրաբար կռվում էր թշնամու դեմ, այլև անտեսելով վտանգը՝ օգնության հասնում վիրավոր ընկերներին։ Զինակից ընկերները նրան հենց այդպիսին են հիշում՝ մարդասեր, ընկերասեր, ընկերոջը սեփական կյանքի գնով օգնության նետվելու պատրաստակամությամբ։

Պատերազմները Մերիից խլել են ամուսնուն և ավագ եղբորը։ Եղբայրը՝ Գևորգը, զոհվել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին՝ Վերին Շորժայում։ Ասում է՝ պատերազմներից ամենաշատն ինքն է տուժել։ Բայց նույնիսկ այս ծանրագույն պահին Մերին ուժի իր աղբյուրն է գտել։ «Ապրելու ուժ երեխաներս են տալիս։ Լիարժեք չես հաղթահարում այս ցավն ու փորձությունը, բայց նայում ես երեխաներին և փորձում ապրել»։

Հ. Գ. - Արսեն Մադոյանը ծառայության ընթացքում պարգևատրվել է պատվոգրերով, հետմահու՝ «Մարտական ծառայություն» մեդալով: Հուղարկավորված է Վարդենիսի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 171 անգամ
Լրահոս
Տեղահանված արցախցիները դրսում հայտնվելու վտանգի առաջ են. տանտերերը պահանջում են ազատել բնակարանները Իրանն Իսրայելի վրա հարձակվել է նոր հրթիռով Սյունիքի օկուպացիայի մեծ վտանգ կա․․․ (video) Վիտորգանը թաքնվել է իսրայելական ապաստարանում «Սամվել Կարապետյանի ապտակը Փաշինյանին» (video) ՔՊ–ից արձագանքել են «Զանգեզուրի միջանցքի» բացման պահանջին․ ի՞նչ են առաջարկել Ադրբեջանին (video) Իսրայելցիները լքում են երկիրը Իսրայելն առաջին անգամ կիրառել է լազերային զենք Կոնկրետ հարցիս պատասխանե՛ք, ամեն անգամ խուսափում եք․․․ Գառնիկ Դանիելյանը՝ նախարարին (video) «Ռուբինյանը հունից դուրս եկավ ու հարձակվեց լրագրողի վրա» (video) The Wall Street Journal: Потрепанный Иран подает сигнал о желании снизить эскалацию военных действий с Израилем и начать переговоры. Часть 2/2. Դեպի Չինաստան․ Աննա Հակոբյանը «պոչը խուզում է» (video) The Wall Street Journal: Потрепанный Иран подает сигнал о желании снизить эскалацию военных действий с Израилем и начать переговоры. Часть 1/2. «Փաշինյանը հեգնեց ու փախավ լրագրողներից» (video) Ես ակնկալում եմ Թեհրանի լիակատար կապիտուլյացիան․ Թրամփ Էրդողանի առաջարկը Թրամփին Արա՛, երեխեքիդ տեր կանգնի, վերջում չպարզվի՝ կուսակրոնը դու ես․ Էդգար Ղազարյան (video) Առևտրականները Բագրատաշենի մաքսակետի մոտ բողոքի ցույց են անում The Wall Street Journal: Израиль берет под контроль небо над Ираном — то, чего до сих пор не удалось добиться России на Украине. Часть 3/3 #ՀԻՄԱ․ Ռուսաստանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը․ տարածաշրջանը կրակի մեջ է․ Հայկ Այվազյան (video) The Wall Street Journal: Израиль берет под контроль небо над Ираном — то, чего до сих пор не удалось добиться России на Украине. Часть 2/3 The Wall Street Journal: Израиль берет под контроль небо над Ираном — то, чего до сих пор не удалось добиться России на Украине. Часть 1/3
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 16-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am