Արամ Զաքարյանին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն․ Հետք

Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Արամ Զաքարյանը 2025թ․ հունիսի 20-ին հրավիրվել է Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին հայտնում է Հետք-ը։
Նախկին պաշտոնյային պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Արամ Զաքարյանն այդ պաշտոնում նշանակվել է 2016թ․ հոկտեմբերի 12-ին և պաշտոնից ազատվել 2018թ․ հուլիսի 12-ին։
Թե Գլխավոր դատախազությունն Արամ Զաքարյանին պատկանող որ գույքերը կամ ինչ չափի դրամական միջոցներ է դիտարկում ապօրինի, առայժմ հայտնի չէ։ Այս փուլում Դատախազությունը տեղեկությունը չի հանրայնացնում՝ պատճառաբանելով, որ շահագրգիռ կողմը, ծանոթանալով իրականացված ուսումնասիրության նյութերին, կարող է ներկայացնել ապացույցներ, դիրքորոշում, ինչը հնարավոր է փոփոխություն առաջացնի ենթադրյալ բռնագանձման ենթակա գույքի ցանկում։
Նշենք, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվում է նաև Արամ Զաքարյանին առնչվող քրեական գործ։ Նախկին պաշտոնյան մեղադրվում է այն բանի համար, որ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի պաշտոնում նշանակվելուց հետո, նույն վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետին հրահանգել է հիշյալ պայմանագրերի հիման վրա տնտեսվարող սուբյեկտների կողմից տրամադրվելիք վարձավճարներից հափշտակել գումարներ՝ իրեն տալով հափշտակված գումարներից ամսական մասնաբաժին՝ երաշխավորելով, որ հափշտակությունը չի բացահայտվի:
Ըստ մեղադրանքի՝ Արմավիրի պահպանության բաժանմունքի հաշվեհամարին փաստացի փոխանցման ենթակա, սակայն առանձին տնտեսվարող սուբյեկտներից նույն բաժանմունքի ջոկի հրամանատարի միջոցով առձեռն ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր մոտ 17 մլն 639 հազ․ դրամ գումարից Արամ Զաքարյանի կողմից փաստացի յուրացվել է 18.000 ԱՄՆ դոլարին համարժեք` 8 մլն 679 հազ․ դրամ։