Պուտինն Էրդողանի հետ քննարկել է իրադրությունը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Հիմնական ուշադրությունը նվիրվել է Մերձավոր Արևելքում կտրուկ սրված իրադրության վրա։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել են Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողությունները, որոնք ձեռնարկվել են ՄԱԿ-ի Կանոնադրության և միջազգային իրավունքի այլ նորմերի խախտմամբ: Երկու կողմերն էլ լուրջ մտահոգություն են հայտնել իրանաիսրայելական հակամարտության շարունակվող էսկալացման առնչությամբ, որն արդեն հանգեցրել է մեծ թվով զոհերի և հղի է ամբողջ տարածաշրջանի համար լուրջ երկարաժամկետ հետևանքներով», – նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ երկու ղեկավարները հանդես են եկել մարտական գործողությունների անհապաղ դադարեցման և վիճելի հարցերի,այդ թվում՝ իրանական միջուկային ծրագրին վերաբերող հարցերի բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով կարգավորման օգտին։
Բացի այդ, կողմերը քննարկել են Ստամբուլում տեղի ունեցած ռուս-ուկրաինական բանակցություններն՝ ուղղված կողմերի միջև հակամարտության կարգավորմանը։
«Ուկրաինական խնդրի քննարկման ժամանակ Վլադիմիր Պուտինը երախտագիտություն է հայտնել թուրքական կողմին ռուս-ուկրաինական ուղղակի բանակցությունների կազմակերպմանը նպաստելու համար։ Նշվել է, որ Ռուսաստանը խստորեն կատարում է երկրորդ փուլի արդյունքներով ձեռք բերված համաձայնությունները, այդ թվում՝ զոհված զինծառայողների մարմինների փոխանցման և ռազմագերիների փոխանակման վերաբերյալ», – հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Պուտինը և Էրդողանը նաև կարծիքներ են փոխանակել երկկողմ օրակարգի հրատապ հարցերի, այդ թվում՝ էներգետիկ ոլորտի շուրջ։ Այդ թեմատիկան կքննարկվի Սանկտ Պետերբուրգի Միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում ռուս-թուրքական շփումների և հունիսի վերջին կայանալիք առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում։