Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարիներին Տավուշի մարզում ոչ մի հակակարկտային կայան չի տեղադրվել

Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարիներին Տավուշի մարզում ոչ մի հակակարկտային կայան չի տեղադրվել
Տավուշի մարզի 4 խոշոր համայնքներից միայն մեկում՝ Նոյեմբերյանում են տեղադրված հակակարկտային կայաններ, մարզի Բերդ, Իջևան և Դիլիջան խոշոր համայնքներում հակակտային կայաններ չկան։ 2018թվականից հետո, Նիկոլ Փաշինյանի իշխանության 7 տարիներին Տավուշի մարզում հակակարկտային ոչ մի կայան չի տեղադրվել։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հակակարկտային կայանների մասին հարցում եմ արել։ Մարզպետարանից պատասխանել են․ «Մարզում գործում են 14 հակակարկտային կայաններ (Նոյեմբերյան համայնք): Հետագայում կայանների տեղադրման նպատակահարմարությունը կարող է որոշել համայնքն իր միջոցներով»:
Կառավարությունը հակակարկտային կայաններ չի տեղադրում, համայնքապետարանները նման կայաններ գնելու համար ֆինանսներ չունեն , գյուղատնտեսության պետական պարտադիր ապահովագրություն չկա, ապահովագրական ընկերությունները կարկտից ապահովագրություն չեն կատարում, մի քանի տարի առաջ լայնորեն գովազդված հակակարկտային պաշտպանիչ ցանցերի զանգվածային արտադրություն ու իրացում չկա, բնակիչներն անպաշտպան են մնացել կարկտահարության դեմ»։