Լարված վիճակ՝ Երևան-Աշտարակ մայրուղու վրա
Այսօր առավոտյան լարված վիճակ է եղել Երեւան-Աշտարակ մայրուղու վրա. ոստիկանական մեծաթիվ ուժեր բռնի կերպով բացել են Երևան–Աշտարակ մայրուղին, որտեղ խաղաղ բողոքի ակցիա էին անցկացնում Քասախ համայնքի բնակիչները։
Նրանք պահանջում են վերականգնել Երևան քաղաքի հանրային տրանսպորտի թիվ 59 ավտոբուսի նախկին երթուղին։
Քասախցիները մեծ բազմությամբ փակել էին մայրուղին՝ արտահայտելով իրենց բողոքը։ «Ում համար ենք հարկ ու տուրք մուծում, որ կռացած, գազի ծախսով Երևան հասնենք, հետո էլ գումար ծախսենք հետդարձի համար։ Եթե փող եք ծախսում, ծախսեք այնպես, որ մարդիկ շնչեն։ Մենք մշեցիներ ենք, ալաշկերտցիներ, մեր պապերը ժամանակին գաղթել են։ Այլևս չենք ուզում որևէ տեղից գաղթել», – ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։
Բնակիչները հիշեցրել են, որ շուտով ընտրություններ են լինելու, և եթե հիմա իրենց պահանջները չեն հարգվում, ապա ինչպես են իշխանությունները հետագայում նրանցից քվե խնդրելու։ Ակցիայի մասնակիցները անընդհատ կոչ են արել հարգել իրենց, իրենց կարծիքը՝ նշելով, որ թեև հարցը սոցիալական է, այն կարող է քաղաքական բնույթ ստանալ, եթե իրենց ձայնը չլսվի։
Նշենք, որ ոստիկանական բռնությունից տուժել է նաև լրագրող, կարմիրբերետավորներից մեկը հարվածել է իր մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողին։
