Նեթանյահուի օպերացիան արկածախնդրության մեծ բաղադրիչ ունի՝ փակուղում հայտնվելու հեռանկարով

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրել է․ «Իրանը պատրաստ է շարունակել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները, հայտարարել է արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Մենք բաց ենք ցանկացած համաձայնագրի համար, որով Իրանը չի ստեղծի միջուկային զենք։ Սակայն մենք չենք ընդունի որևէ համաձայնագիր, որը զրկում է Իրանին իր միջուկային իրավունքներից, այդ թվում՝ ուրանը հարստացնելու իրավունքից»,- հավելել է նա։
Շատերն Արաղչիի այս հայտարարությունը համարել են նահանջ կամ պսրտվողական տրամադրությունների դրսևորում:
Նման կարծիքը բացարձակապես հեռու է իրականությունից, չունի փաստական հենք. Իրանի ԱԳ նախարարը նման հայտարարություններ արել է նաև մինչև էսկալացիան, որովհետև հենց այսպիսին է Թեհրանի պաշտոնական դիրքորոշումը:
Ես ավելի հակված եմ կարծելու, որ Իսրայելն է ձախողելու իր ստրատեգիական խնդիրը՝ չնայած օպերացիայի տպավորիչ մեկնարկին:
Եթե ամփոփենք այն հայտարարությունները, որոնք հնչում են Թել Ավիվում, Իսրայելը ձգտում է Իրանում վարչակարգի փոփոխությանը, անգամ՝ այդ երկրի մասնատմանը, նվազագույնը՝ միջուկային ծրագրի կասեցմանը:
Իսրայելը, անգամ ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ, կարճաժամկետ հեռանկարում չի կարող հասնել Իրանում վարչակարգի փոփոխության կամ երկրի մասնատման՝ առանց լայնածավալ պատերազմի ու միջազգային ցնցումների:
Արտաքին ռազմական ճնշումը կարող է նույնիսկ համախմբել բնակչությանը վարչակարգի շուրջ՝ ազգային միասնության անվան տակ:
Միջուկային ծրագրի ժամանակավոր հետաձգում(օրինակ՝ 1-2 տարի) հնարավոր է, բայց ամբողջական կասեցում գործնականում հնարավոր չէ:
Իրանը ծրագրի զգալի հատվածը տեղակայել է թունելներում, խորքային ենթակառուցվածքներում, ինչը մանևրելու և վերականգնվելու մեծ կարողություն է ապահովում։
Մի խոսքով, Նեթանյահուի օպերացիան արկածախնդրության մեծ բաղադրիչ ունի՝ փակուղում հայտնվելու հեռանկարով: