Նիկոլն ատում է իր բոլոր ստերը պաթանատոմի քաղաքական վիրտոուզությամբ հերձող Արմենին․ Նաիրա Զոհրաբյան

Քաղաքական գործիչ Նաիրա Զոհրաբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Մի վրեժի պատմություն
Այսօր լրանում է Արմեն Աշոտյանի կալանքի 2-րդ տարին։ Մեկ տարի երեք ամիս Արմենին նիկոլյան ռեժիմը պահեց Նուբարաշենի բերդի մենախցում, եւ արդեն յոթ ամիս է նկոլյան դատարանը Արմենին պահում է տնային կալանքի տակ։
Ես ներկա եմ լինում Արմենի գրեթե բոլոր դատերին ու մի օր սյուրռեալիստական պիես եմ գրելու դատական այս ֆարսի մասին, ու որպես պատժի ալտերնատիվ միջոց, պարտադրելու ենք, որ գլխավոր դերերում լինեն դատավոր Դոլմազյանն ու մեղադրող դատախազները։ Կարծում եմ՝ «սյուրը» լրիվ կապահովենք։
Իսկ հիմա Նիկոլի մասին։ Արմենին դատում են, որովհետեւ այդպես է որոշել Նիկոլը։ Չեմ բացառում, որ այդպես որոշվել է նրանց ընտանեկան մի ինչ-որ փոթքաստում, որտեղ, ինչպես պարզվեց վերջերս, այդ ընտանիքն իրենց ընդդիմախոսների եւ շարքային քաղաքացիների մասին խոսելիս քնքշորեն օգտագործում է ոջիլ, տականք, էշ, եւ նման հեզաբարո, քնքշագեղ ձեւակերպումներ։
Արմենին դատում են, որովհետեւ Նիկոլը ատում է ինտելեկտը, վախենում է ինտելեկտից, ատում է իր բոլոր ստերը պաթանատոմի քաղաքական վիրտոուզությամբ հերձող Արմենին, ատում է, որովհետեւ Արմենը կարողանում է ազդել նաեւ IQ-ի հետ լրջագույն խնդիրներ ունեցող նիկոլականության վրա եւս, իսկ դա Նիկոլի համար հավասարազոր է քաղաքական վախճանի։
Արմենի դատերին պարզապես ներկա լինել է պետք. մեղադրող դատախազներից մեկը ուղիղ երկու տարի մանթրաշից էնքան կրծոտեց եղունգները, որ տեղափոխեցին այլ աշխատանքի, իսկ դեռ մնացած դատախազը, անգամ ֆուլ ցրտին, անզորությունից, վայրկյանը մեկ իր ճաղատի քրտինքն է մաքրում։ Իսկ բացառապես Արմենով հանրահայտ դարձած Դոլմազյանը, որի հիմնական զբաղմունքը դահլիճում ներկաների պորտը տեղը դնելն է, էնքան է քրքրում բազմաչարաչար հայոց Քրեական օրենսգիրքը, որպեսզի գոնե մի ինչ-որ հակասություն պեղի վկաների ցուցմունքներում, որ խոստանում եմ, Դոլմազյանին հաջորդ դատական նիստի, մի նոր, թափ-թազա Քրեական օրենսգիրք եմ նվիրելու։
Մի այլ հունական ողբերգություն է վկաների պահը՝ Էվրիպիդեսը, Սոֆոկլեսի հետ գլուխները պատին են տվել այս տրամաչափի գրանդիոզ ողբերգականության առաջ։ Խեղճ վկաներին, ովքեր բոլորը, կրկնում եմ, բոլորը զարմանում են, թե ի՞նչ կապ ունի այս պատմության հետ Աշոտյանը ու ովքեր բոլոր, կրկնում եմ, բոլոր, պնդում են, որ բժշկական համալսարանն իրապես արդարացված գնում է արել, ահա այս մարդկանց, օրինակ, մեղադրող դատախազը կարող է հարց տալ՝ «15 թվի սույն օրը, երբ կոֆե էիք խմում, կհիշե՞ք քանի գդալ շաքարավազ լցրեցիք կոֆեի մեջ», ու սույն հարցը էնպիսի վարիացիաներով տան վկային, որ վերջինս սկսի ատել սուրճի բոլոր պլանտացիաները միասին վերցրած։
Արմեն Աշոտյանի դատը քաղաքական հաշվեհարդարի կլասիկ օրինակ է։ Այնքան կլասիկ, որ հետնիկոլյան Հայաստանում այն անպայմանորեն ներառվելու է քրեաիրավական մեթոդաբանության դասագրքերում։
Նիկոլիզմը ավարտվելու է, Նիկոլը կանգնելու է հայկական նյուրընբերգի առջեւ եւ դա անխուսափելի է։
Արմեն լինելու է ազատության մեջ եւ դա եւս անխուսափելի է։ Բայց այս քստմնելի քաղաքական հաշվեհարդարի բոլոր դետալները, բոլոր բոլտերը, բոլոր պրուժինները Դոլմազյանի ձեռքի Քրեական օրենսգրքով պատասխան են տալու։
Գալու է մի օր, երբ մնալու է մի օր»։