Եթե Թրամպը չի կորցրել բանականությունը, ապա չի կարող չպատկերացնել, որ Իրանի հանդեպ պատերազմը կլինի իր նախագահության անելանելի «փոսը». Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Ինտենսիվ հեռախոսազրույցներ են տեղի ունենում համաշխարհային լիդերների, ռեգիոնալ տերությունների ղեկավարների միջեւ՝ իրան-իսրայելյան թեմայով: Իրանի նախագահը այսօր խոսել է Մակրոնի, Էրդողանի, Սաուդյան Արաբիայի արքայազն բեն Սալմանի, Կատարի Էմիրի հետ, երեկ Պուտինի հետ էր խոսել, խոսում են նաթանյահուն ու Թրամպը, Էրդողան-Թրամպ հեռախոսազրույց: Այլ զրույցներ: Պուտին-Թրամպին կանդրադառնամ նաեւ առանձին:
Այս հեռախոսազրույցները մի կողմից անշուշտ պայմանավորվում են մեծ պատերազմի ծավալման առնչությամբ մտահոգությամբ, մյուս կողմից սակայն, այս հեռախոսազրույցային «տորնադոն», որ ուղեկցում է շարունակվող փոխադարձ հարվածներին, թերեւս նաեւ վկայում է այդ հարվածների վրա ծավալվող մեծ սակարկության մասին, առնվազն դրա այսպես ասած «սերմերի» մասին:
Ի վերջո, հենց դա է թերեւս բոլոր պատերազմների մոտիվներից մեկը՝ դուրս գալ պայմաններ թելադրելու համար առավել նպաստավոր դիրքերը: Իհարկե հարվածներ հասցնողները Իսրայելն ու Իրանն են, բայց անշուշտ թե անմիջական, թե հեռակա դեր ունենալու են շատերը, կամ՝ ունեն:
Այլ կերպ ասած, մեծ սակարկությունը Մերձավոր Արեւելքի համար թերեւս մտել է ակտիվ փուլ: Այն նոր չի մեկնարկել, ընթանում էր, բայց Իսրայելը այն մտցրեց ռազմական ակտիվ փուլ, որովհետեւ թերեւս հենց այդ տարբերակով էր միայն տեսնում իր՝ սակարկության օբյեկտի էքզիստենցիալ հեռանկարից զերծ մնալու եւ սակարկության սուբյեկտ լինելու տարբերակը:
Արդեն խոսել եմ, թե ըստ իս ինչ իրողություններ վճռորոշ եղան Թրամպի դիրքորոշումը բեկելու հարցում:
Հիմա մտորում եմ, որ բացառված չէ անգամ՝ Թրամպն ինքն էլ որոշել է գնալ «գորդյան հանգույցի» տրամաբանույամբ՝ կամ-կամ: Բայց, հիմա մենք տեսնում ենք, որ Իրանն էլ իր հերթին փորձում է առնվազն արտահայտվել բարձր խաղադրույքի դիրքերից, հայտարարելով, թե չի բանակցի հարվածների եւ շանտաժի ներքո:
Որոշակի էականության տպավորություն է թողնում Սաուդյան արքայազնի հայտարարությունը՝ Փեզեշկիանի հետ հեռախոսազրույցում, որ Ռիյադը «եղբայրական երկրի» աջակցության որեւէ ակնկալիք չի մերժի: Եթե սա պարզապես խոսք չէ, ապա կարող է լինել շատ էական հանգամանք: Որովհետեւ բացառված չէ, որ Սաուդյան Արաբիան այդ պարագայում լինի Թրամպի մյուս ձեռքը, այսպես ասած «հետնաբակային» հնարքը Իսրայելի ավանտյուրայի դեմ, որը չկարողացավ արգելակել ուղիղ եւ իրավիճակը պահել դիվանագիտական պրոցեսի շրջանակում:
Եթե Թրամպը չի կորցրել բանականությունը, ապա անկասկած չի կարող չպատկերացնել, որ Իրանի հանդեպ պատերազմը կլինի իր նախագահության անելանելի «փոսը»: Նրան քաշել են այնտեղ, նա չի կարողացել դիմակայել, բայց պետք է փնտրի դուրս գալու ուղիներ, քանի դեռ փոսը չի խորացել այնքան, որ դուրս գալըւ դառնա անհնարին: Հենց այդ փոսում էլ՝ այն փորած լիբերալ-գլոբալիստական թեւը կլցնի հողը Թրամպի վրա»։