Իրան-Իսրայել բախման հետևանքով Հայաստանի համար ի հայտ են եկել օպերատիվ մակարդակի մարտահրավերներ. Վարդան Ոսկանյան

Վարդան Ոսկանյանը գրում է. «Իրան-Իսրայել բախման հետևանքով Հայաստանի Հանրապետության համար այս պահի դրությամբ ի հայտ են եկել նաև օպերատիվ մակարդակի մարտահրավերներ։
Թեև իսրայելական ԱԹՍ-ները հարձակում են իրականացրել Պարսից ծոցի շրջանում գտնվող իրանական գազային ենթակառուցվածքներին, սակայն հաշվի առնելով, որ իրանական գազային համակարգը միասնական է, Իրան-Հայաստան գազամուղով դեպի Հայաստան գազմատակարարման հնարավոր խափանման սցենարը պետք է դիտարկվի պատկան մարմինների կողմից։ Նշեմ, որ այս պահին գազամուղը գործում է։
Իսրայելական ԱԹՍ-ների Հայաստանի սահմանին շատ մոտ իրանական Ջուլֆա քաղաքի երկնքում հայտնվելը, ինչպես նաև Ատրպատականի ենթակառուցվածքներին հասցված իսրայելական հարվածները պետք է լրացուցիչ զգոնության խթան դառնան, քանի որ գործողությունների թատերաբեմ է դարձել նաև մեր սահմանի մերձակայքը»։