Հորմուզի պարալիզացումն ուղիղ հարված կարող է հասցնել Եվրոպային եւ ԱՄՆ–ին. փորձագետ

Էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը չի բացառում, որ Իրանը կփակի Հորմուզի նեղուցը։ NEWS.am–ի հետ զրույցում փորձագետը նշել է, որ ստեղծված իրավիճակն աննախադեպ է։
«Չի բացառվում՝ Իրանը կարող է գնալ իր ռազմավարական «գործիքի» օգտագործմանը։ Սա կհանգեցնի գեոտնտեսական փոխակերպումների առնվազն միջնաժամկետ կտրվածքում։ Հորմուզի նեղուցով արտահանվում է սպառվող նավթի շուրջ 20-25 տոկոսը, ինչը բավականին լուրջ թիվ է։ Հորմուզի պարալիացումն ուղիղ հարված կարող է հասցնել նաեւ Եվրոպայի էներգետիկ քաղաքականությանը, թիրախում կարող է հայտնվել նաեւ Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգների համար այս կոմունիկացիան կենսական նշանակություն ունի նավթի ներկրման տեսանկյունից։ Համաշխարհային տնտեսության համար առանցքային նշանայություն ունեցող այս հաղորդակցության պարալիզացման դեպքում նավթի գները կարող են հասնել 300-350 ԱՄՆ դոլարի, այսինքն ուղիղ հարված կարող է հասցնել ԱՄՆ–ի տնտեսությանը»,– ասել է Վահե Դավթյանը։