Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» մասով․ Հաջիև

Հայաստանը կարող է մաս կազմել տարածաշրջանային հիմնական տրանսպորտային հաղորդակցությունների քննարկումներին: Այս մասին Չեխիայում GLOBSEC 2025 ֆորումի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Նա նշել է, որ Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» մասով։
«Մեր նպատակը չի տեսնել մեկ այլ մեկուսացում, մարգինալիզացում տարածաշրջանում, բայց միևնույն ժամանակ մենք ևս որոշ ակնկալիքներ ունենք Հայաստանից։ Մենք հիմա ակնկալում ենք, որ Հայաստանը կարևոր առաջին քայլը պետք է անի «Զանգեզուրի միջանցքի» մասով։ Ես գիտեմ, որ իմ որոշ հայ գործընկերներ բարկանում են «միջանցք» բառից, ես միշտ կատակում եմ, որ Ադրբեջանի ամբողջ տարածքն է միջանցք: Լավ, այն անվանեք անցուղի, մենք ցանկանում ենք առաջին հերթին ունենալ կապ Նախիջևանի հետ, քանի որ 30 տարի մենք զրկված ենք եղել այդ հնարավորությունից»,- ասել է Հաջիևը։