Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում․ ՀՀ ՊՆ զինծառայողը «Mercedes»-ով հայտնվել է ջրատարում

Այսօր՝ հունիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 105 կմ հատվածում՝ Արենի գյուղի վարչական տարածքում, Արմավիրի մարզի բնակիչ 42-ամյա Կարեն Գևորգյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Կ․ Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն։Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և տեղում իրականացրել հերթապահություն։
Վթարի փաստով կայազորի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ՀՀ ՊՆ զինծառայող է, կոչումով՝ մայոր։