Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Իրաքի իր գործընկերոջ՝ Ֆուադ Հուսեյնի հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտում է իրանական IRNA գործակալությունը՝ մանրամասնելով, որ հեռախոսազրույցի ընթացքում Իրաքի ԱԳ նախարարը դատապարտել է Իրանի վրա Իսրայելի հարձակումը։
Իրանական գործակալության փոխանցմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում Հուսեյնը խորին ցավակցություն է հայտնել Իրանի զինված ուժերի բարձրաստիճան հրամանատարների, միջուկային գիտնականների, համալսարանական դասախոսների և քաղաքացիական անձանց նահատակության կապակցությամբ՝ կոչ անելով համաշխարհային հանրությանը դատապարտել Իսրայելի կողմից կատարված այս հանցագործությունը։
Ֆուադ Հուսեյնը Իսրայելի հարձակումը անվանել է Իրանի ազգային ինքնիշխանության, միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում։
«Իրանի դեմ Իսրայելի ագրեսիան լուրջ սպառնալիք է, որը կարող է վտանգել ամբողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»,-ընդգծել է Հուսեյնը։
Իրանի արտաքին գործերի նախարարն իր հերթին շնորհակալություն է հայտնել իր իրաքցի գործընկերոջը, Իրաքի կառավարությանը, այդ երկրի ժողովրդին Իրանի դեմ Իսրայելի հարձակման դատապարտման համար։
Իրանն Իսրայելի դեմ հարվածներ է սկսել՝ ի պատասխան հունիսի 13-ի գիշերն Իսրայելի ձեռնարկած հարվածների, որոնց հետևանքով զոհվել է 78 մարդ, 320 մարդ վիրավորվել է։ Զոհերի թվում կան բարձրաստիճան զինվորականներ, միջուկային ոլորտի գիտնականներ։