Հովիկ Աբրահամյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է. փաստաբան

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարություն է տարածել։
«Հովիկ Աբրահամյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել պաշտոնեական դիրքի չարաշահման և ենթադրյալ հանցավոր ծագում ունեցող գույքի՝ հողամասերի օրինականացման մեղադրանքներով, ապա նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։
Շուրջ 7 ժամ տևած դատական նիստում մանրամասն ներկայացրել ենք մեղադրանքն անհիմն լինելու, այն հաստատող ապացույցներ քրեական վարույթում չլինելու վերաբերյալ մեր փաստարկված հիմնավորումները, ինչպես նաև այն, որ Հովիկ Աբրահամյանին նախկինում ևս նույն հոդվածներով մեղադրանք էր ներկայացված և խափանման միջոց էր կիրառված չհեռանալու մասին ստորագրությունը, որի պարագայում նա մշտապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, այդ 7 տարիների ընթացքում գործի քննությանը որևէ կերպ չի խոչընդոտել, ուստի դեռևս 2018-2019 թվականների ըթնացքում ձեռք բերված ապացույցների հիման վրա ներկայումս ներկայացված մեղադրանքով նրան կալանավորելու միջնորդություն ներկայացնելը բացարձակ անօրինական է։
Միջնորդության քննության արդյունքում Դատարանը որոշել է մերժել Հովիկ Աբրահամյանին կալանավորելու միջնորդությունը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը»,– ասվում է հայտարարության մեջ։