Կառավարությունը 1 միլիոն ԱՄՆ դոլար կվճարի՝ Ադրբեջանի հետ միասին դոնոր երկիր դառնալու համար․ 168․am

Հայաստանի Կառավարությունը որոշել է դառնալ մի կազմակերպության դոնոր, որի անդամ դոնորներից մեկն Ադրբեջանն է, գրում է 168․am–ը և հավելում․
«Խոսքն այս դեպքում Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) արտոնյալ վարկավորման համար ստեղծված Ասիական զարգացման հիմնադրամի (ԱԶՀ) մասին է, որը ստեղծվել է Բանկի ամենաաղքատ անդամներին շատ ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրելու համար։
ԱԶԲ այս քաղաքականությունը միտված է Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի աղքատ երկրներում աղքատության կրճատմանը և կյանքի որակի բարելավմանը։
Այս Հիմնադրամն իր գոյության ընթացքում տրամադրել է ավելի քան 85 միլիարդ ԱՄՆ դոլարի արտոնյալ վարկ և դրամաշնորհ՝ 36 զարգացող անդամ երկրներին:
Այժմ Հիմնադրամի 12-րդ համալրման շրջափուլն է, որի ժամանակ Հիմնադրամից աջակցություն ստացող 5 երկիր դարձել է Հիմնադրամի դոնոր։
Այդ դոնորների թվում է Ադրբեջանը, այսուհետ՝ նաև Հայաստանը։
Դառնալով դոնոր՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավորվում է անդամակցել Ասիական զարգացման հիմնադրամին՝ հատկացնելով 1 մլն ԱՄՆ դոլար»: