ԱԷՄԳ Կառավարիչների խորհուրդն ընդունել է բանաձև, ըստ որի՝ Իրանը չի կատարում միջուկային պարտավորությունները. Թեհրանն արձագանքել է

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհուրդը հինգշաբթի ընդունել է բանաձև, որի համաձայն՝ Իրանը չի կատարում իր միջուկային պարտավորությունները, հաղորդում է Associated Press-ը (AP):
«Դիվանագետների խոսքով՝ ԱԷՄԳ Կառավարիչների խորհրդի անդամ 19 երկիր քվեարկել է բանաձևի օգտին... Ռուսաստանը, Չինաստանը և Բուրկինա Ֆասոն քվեարկել են դեմ, 11 երկիր ձեռնպահ է մնացել, իսկ երկու երկիր չի քվեարկել», - հաղորդում է գործակալությունը։
AP-ն նշում է, որ բանաձևի նախագիծը ներկայացրել են Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Գերմանիան։
«Բանաձևում Կառավարիչների խորհուրդը պահանջում է անհապաղ բացատրություն ներկայացնել Թեհրանում մի քանի չհայտարարված օբյեկտներում հայտնաբերված ուրանային մասնիկների վերաբերյալ», - գրում է գործակալությունը:
Փաստաթղթի համաձայն՝ Իրանը չի կարողացել երաշխիքներ տրամադրել, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի, և դրա հետևանքով առաջացած հարցերն այժմ գտնվում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի իրավասության ներքո։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը հունիսի 12-ին հայտարարություն են տարածել, որով դատապարտել են Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի որոշումը, որի համաձայն՝ Թեհրանը լիովին չի կատարում միջուկային ոլորտում իր պարտավորությունները, հաղորդում է Mehr գործակալությունը:
Համատեղ հայտարարության մեջ Արտաքին գործերի նախարարությունը և Ատոմային էներգիայի կազմակերպությունը խստորեն դատապարտել են բանաձևը։ «Իրանը միշտ կատարել է ԱԷՄԳ-ի անվտանգության մասին համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները», - ասվում է հայտարարության մեջ: Հայտարարությունում ընդգծվում է բանաձևի քաղաքական կողմնակալությունը և իրավական հիմքի բացակայությունը: