1 տարի առաջ այս օրը ոստիկանությունը տասնյակներով լուսաձայնային նռնակներ նետեց խաղաղ ցուցարարների վրա. Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրել է․
«Մեկ տարի առաջ այս օրը` հունիսի 12-ին ոստիկանությունը տասնյակներով լուսաձայնային նռնակներ նետեց Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում և դրա հարակից «Սիրահարների այգում» հավաքված խաղաղ ցուցարարների հոծ բազմության մեջ:
Դրան անմիջապես նախորդել էր «կարմիր բերետավորների» կողմից մի շարք ցուցարարների նկատմամբ խմբակային ծեծի դեպքերը, որոնց տեսաձայնագրությունները կան:
Գրեթե բոլոր լուսաձայնային նռնակները նետվել են առանց «մարդուց 2,5 մետր հեռավորության» կանոնի պահպանման: Այսինքն հենց մարդկանց վրա:
Բուժօգնության դիմած քաղաքացիների թիվը հասել էր 101-ի: Որոշների վերքերն այնքնան խորն են եղել, որ մեկ տարի անց էլ, որոշ քաղաքացիների մարմիններին այդ նռնակներից ստացած վիրավորումների հետքերը դեռ մնացել են:
Մինչ այժմ որևէ ոստիկանի նկատմամբ որևէ քրեական հետապնդում չի իրականացվել: Չի էլ իրականացվի, քանի որ այս բռնությանը նախորդել էր ԱԺ ամբիոնից վարչապետի ելույթը, որով նա շնորհակալություն հայտնեց ոստիկանությանն ու խոստացավ «առավել սկզբունքային» ոստիկաններին գնահատել»։