Եկեղեցու և կաթողիկոսի կեցվածքը ճիշտ է՝ չարձագանքել Փաշինյանի և նրա թիմակիցների վայրահաչոցներին, բայց քաղաքացիները Նիկոլին պետք է ցույց տան, որ եկեղեցին միայնակ չէ». Գագիկ Համբարյան

Նիկոլ Փաշինյանը շարունակում է ֆեյսբուքյան գրառումներ կատարել Առաքելական եկեղեցու և Ամենայն Հայոց վեհափառի վերաբերյալ: Նա այսօր հերթական գրառմամբ ասել է, որ «Հայաստանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու արևշատությունը չցանկացող ցանկացած ուժի համար նվեր են մեր եկեղեցու սրբությունները պղծած Կտրիճ Ներսիսյանը և նրա նման վեղարավորները։
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին վերադարձվելու է Հիսուս Քրիստոսին և հայ ժողովրդին։ Կտրիճ Ներսիսյանը պետք է ազատի վեհարանը»։
Շիրակի պետական համալասարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը «կոմպրոմատները», «դոսյեները», որոնք հավաքում է մարդկանց վրա, հրապարակում է այն ժամանակ, երբ իրեն պետք է։
«Առաքելական եկեղեցին ՀՀ-ում այն միակ կառույցն է, որը նախ պահպանում է ազգայինը և չի հրաժարվում Արցախից։ Բացարձակ պատահականություն մի համարեք Փաշազադեի նախահարձակ լինելը և Նիկոլ Փաշինյանի կողմից այդ «պասի» ընդունումն ու շարունակելը։ Կրկնում եմ՝ Նիկոլն ու իր «թայֆան» փորձում են ներկայացնել այնպես, թե իբր սա Առաքելական եկեղեցու դեմ արշավ չէ, այլ կոնկրետ անձի՝ կաթողիկոսի անձի դեմ է։
Առաքելական եկեղեցու վերաբերյալ որոշ չափով պատկերացում ունեցող մարդը շատ լավ գիտի, որ եկեղեցին ու կաթողիկոսը նույնականացվում են։ Բազմիցս ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ, որ Նիկոլ Փաշինյանը և առհասարակ որևէ մեկը բացարձակ իրավունք չունեն ներքաշվելու ներեկեղեցական գործերի մեջ, Սահմանադրությամբ էլ կա համապատասխան հոդվածը։
Եկեղեցին ու պետությունը տարանջատված են, եկեղեցու վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են եկեղեցու ներսում։ Հետևաբար՝ Նիկոլ Փաշինյանի բոլոր արարքները տեղավորվում են Առաքելական եկեղեցին քանդելու և այն բողոքական եկեղեցի դարձնելու տրամաբանության մեջ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Գագիկ Համբարյանը։
Գագիկ Համբարյանի մոտ, որպես ՀՀ քաղաքացի, ով հետևում է Նիկոլ Փաշինյանի գրառումներին, հարցեր են առաջանում։ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր «Կյանքի խոսքի» հովիվ համարվող Վահե Պետրոսյան անձի քարոզները և խորհուրդ էր տալիս իր էջի հետևորդներին լսել։ Այդ ամենի ապացույցն ունի։
«Նրա դուստրերը բացահայտ հանդիպում են և մեխանիկորեն համապատասխան տեսանյութերի միջոցով հասկացնում են, որ իրենք աղանդավոր են այդ նույն «Կյանքի խոսք» եկեղեցու։ Հայտնի բլոգերի հետ են հանդիպում, տաշի-տուշի անում։
Նախորդ տարի սեպտեմբերի վերջին, Նիկոլ Փաշինյանը ելույթ ունենալով ՄԱԿ գլխավոր Ասամբլեայում, Սուրբ գրքից մեջբերում արեց, որի թարգմանությունը բացարձակ չի համապատասխանում Առաքելական եկեղեցու թարգմանած ձևին, այն ամբողջությամբ կրկնում է «Եհովայի վկա» աղանդի թարգմանությանը, որն առկա է համացանցում։
Որպես պատմաբան՝ կարող եմ նշել, որ աղանդավորական կամ բողոքական եկեղեցիների մոտ է ընդունված խեղաթյուրել Սուրբ գիրքը, այն գրաքննության ենթարկել և գրքից մեջբերումներ անելուց հանել այն, ինչն իրենց ձեռնտու չէ, և ներկայացնել այնպես, ինչպես իրենց է պետք։
Բազմաթիվ ապացույցներ կան, որ Նիկոլ Փաշինյանը Սուրբ գրքից մեջբերումներ անելով՝ գրաքննության է ենթարկել այն։ Հիմա հարց՝ Նիկոլ Փաշինյանն Առաքելական եկեղեցու հետևո՞րդ է։ Ինձ մոտ խիստ կասկածներ են առաջանում, որ այդ անձը ոչ միայն հետևորդ չէ, այլև աղանդավոր է, և նման քայլեր ձեռնարկելով Առաքելական եկեղեցու և նրա առաջնորդի դեմ՝ փորձում է վարկաբեկել եկեղեցին ու քանդել նրա մոտ 1800-ամյա ավանդույթները»,- հավելեց մեր զրուցակիցը։
Քաղաքագետը հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի Առաքելական եկեղեցու հետ կապված այս սցենարն իրականացնել։
«Ինքս ինչ-որ առումով ճիշտ եմ գնահատում եկեղեցու և կաթողիկոսի կեցվածքը՝ չարձագանքել Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների վայրահաչոցներին։ Պետք չէ վիճել հիմարների հետ, որովհետև նա ձեզ կիջեցնի իր մակարդակին ու կհաղթի իր «պրոֆեսիոնալիզմով»։ Բայց քաղաքացիները Նիկոլին պետք է ցույց տան, որ Առաքելական եկեղեցին միայնակ չէ»,- ընդգծեց Գագիկ Համբարյանը։