Երբ փորձ է արվում Պրահայում Փաշինյանի քայլը արդարացնել, թե՝ Ռուսաստանն էլ էր ճանաչել, դա մանիպուլյացիա է. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ի դեպ, այս առնչությամբ պարբերաբար խոսվում է այն մասին, որ Ռուսաստանն էլ Արցախը ճանաչել էր Ադրբեջանի մաս:
Սա ըստ էության քաղաքականապես անգրագետ արձանագրում է կամ պարզապես մանիպուլյացիա: Ամբողջ հարցն այն է, որ ոչ միայն Ռուսաստանը, այլ նաև Ֆրանսիան, ԱՄՆ, Իրանը, բոլոր երկրները Արցախը բնականաբար չեն ճանաչում Ադրբեջանից դուրս, քանի դեռ կա հակամարտություն և դրա խաղաղ կարգավորման գործընթաց՝ միջազգային մանդատի ներքո:
Ինքնին այն, որ կա հակամարտության միջազգայնորեն մանդատավորված՝ այն էլ բացառիկ մանդատով սահմանված գործընթաց, արդեն իսկ նշանակում է, որ միջազգային հանրությունն առնվազն թույլ է տալիս Ադրբեջանից անջատված Արցախի տեսական գոյություն:
Ըստ այդմ, առանցքային նշանակություն ունի այն, որ Հայաստանը չհրաժարվի հակամարտության գործընթացում իր սուբյեկտային պատասխանատվությունից: Ավելի շուտ՝ նշանակություն ուներ: Հիմա արդեն, դժբախտաբար՝ չունի, որովհետև Հայաստանը Պրահայում հրաժարվել է հենց դրանից:
Ըստ այդմ, երբ փորձ է արվում Պրահայում Փաշինյանի քայլը արդարացնել կամ հիմնավորել նրանով, թե՝ Ռուսաստանն էլ ճանաչել էր, դա մանիպուլյացիա է կամ քաղաքական գրագիտության պակաս»: