Ջալալ Հարությունյանը բացում է փակագծերը. ովքե՞ր են մեղավորները Ցորի գործով

Aravot.am. Վերաքննիչ քրեական դատարանում այսօր կայացավ Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի կամ հանրության շրջանում տարածում ստացած Ցորի զորամասի գործով երկրորդ դատական նիստը: Ջալալ Հարությունյանի փաստաբան Աշոտ Ապրեսյանը ներկայացնում էր պաշտպանական կողմի բողոքը, որով անհիմն էր համարում իր պաշտպանյալի նկատմամբ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վերդիկտը՝ 5,5 տարի ազատազրկումը:
Երբ փաստաբանն ավարտեց իր ելույթը, Ջալալ Հարությունյանը դատարանին լրացուցիչ պարզաբանումներ տվեց՝ վկաներից բառացի մեջբերումներ անելով, որպեսզի ավելի հստակ պատկերացում կազմվի տեղի ունեցածի մասին:
Մասնավորապես, նա նշեց կոնկրետ իրավիճակներ, տվեց անուններ, որոնց գործողությունների կամ անգործության հետեւանքով են իր գնահատմամբ զինվորները զոհվել կամ անհետ կորել են, տարածքները գրավվել են թշնամու կողմից:
Նախագահող դատավոր Մխիթար Պապոյանը Ջալալ Հարությունյանից հետաքրքրվեց. «Ստացվում է՝ օպերատիվ տվյալները հստակ են եղել, որ դիմացը հակառակորդներ են հայտնվել: Բոլոր հետախուզական տվյալները պետք է հայտնվեին խորացված հրամանատարական կետի օպերատիվ բաժնում:
Օպերատիվ բաժնի սպաները պետք է համապատասխան օպերատիվ նշումներ կատարեին օպերատիվ քարտեզում, եւ հրամանատարական կետում գտնվող հրամանատարական կազմը, այդ թվում նաեւ դուք ցանկացած տվյալ պետք է օպերատիվ քարտեզի վրա տեսնելով՝ պատկերացումը կազմեիք, թե տեղանքում ինչպիսի իրավիճակ է, ինչպիսի խմբավորումներ են: Այսինքն, պետք է ինֆորմացիան տարբեր տեղերից գար, հավաքվեր մի տեղ, նշում կատարվեր օպերատիվ քարտեզի վրա, օպերատիվ բաժնի ավագ սպաները եւ աշխատողները կազմեին այդ պատկերը: Իսկ ինչի՞ չի արվել դա», ինչին Ջալալ Հարությունյանը պատասխանեց. «Տվյալները միանշանակ եղել են:
Կոնկրետ այդ պահին հրետանու պետը ինձ չի փոխանցել, բայց նախօրեին, ամսի 9-ին, ժամը 11:00-ին ՊԲ մարտական կարգադրությունում հստակ խնդիր էր դրված. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրային զորքերի պաշտպանությունում առաջացել են ճեղքվածքներ, հակառակորդը թեւանցող եւ շրջանցող ջոկատների, դիվերսիոն-հետախուզական խմբերի ակտիվ կիրառմամբ ներթափանցում է յուրային զորքերի պաշտպանության խորքը՝ նպատակ ունենալով խաթարել զորքերի կառավարման համակարգը, թիկունքային եւ տեխնիկական ապահովման իրականացումը, հասցնել յուրային զորքերի կորուստներ, ինչպես նաեւ անձնակազմի շրջանում ստեղծել խուճապային տրամադրություն, մարտական խնդիր սահմանված է հետեւյալը. պաշտպանության խորքում տեղակայված բոլոր կառավարման կետերում, դիտակետերում, բոլոր կենտրոնացված շրջաններում, առանձնահատուկ՝ կրակային եւ մեկնարկային դիրքերում, դիրքային շրջաններում, ապահովման կետերում, պաշտպանական հենակետերում կազմակերպել շրջանաձեւ պաշտպանություն, իշխող բարձունքներում նշանակել դիտորդներ՝ հակառակորդի կրակային գործողությունները ժամանակին հայտնաբերելու եւ համապատասխան կրակային միջոցներով հեռավար մատույցներում նրա խոցումը կազմակերպելու նպատակով: Բանակի հրամանատար՝ Հարությունյան, Բանակի շտաբի պետ Վարդանյան:
Եվ մեր ստորագրությունը»,-հրապարակեց Ջ. Հարությունյանը եւ ընդգծեց, որ սա մարտական կարգադրություն է եւ իրեն զեկուցվել է, որ հրամանը կատարվում է:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։