Իշխանության նպատակն է Կաթողիկոսի պաշտոնին Անկարայի և Բաքվի առաջադրած թեկնածուի ծրագրված նշանակումը. Այվազյան

«Ս. Էջմիածնի դեմ ՀՀ դրածո իշխանության գործողությունների նպատակը ամբողջական եկեղեցական հեղաշրջումն է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտոնին Անկարայի և Բաքվի առաջադրած թեկնածուի ծրագրված նշանակմամբ»,- նշել է Ռազմական պատմաբան, քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանը։
Նա մի քանի նկատառում է ներկայացրել Հայաստանում Փաշինյանի հրահրած հերթական ներքին ճակատի մասին.
«Ինչպես արդեն նշել եմ, Փաշինյանը «միտումնավոր կերպով անտեսում է արտաքին թշնամու ծայրաստիճան վտանգավոր հարձակողական գործողությունները, փոխարենը երկրի ներսում անընդհատ արհեստական հակամարտություններ ու պառակտումներ է ստեղծում» (03.06.2025-ի գրառումս ՖԲ-ում)։
ՀՀ դրածո իշխանության հարձակման թիրախում իբր միայն Ամենայն Հայոց կաթողիկոսն է, բայց իրականում Փաշինյանին հանձնարարված է պառակտել՝
ա) Հայոց Եկեղեցու միասնականությունը,
բ) հայաստանաբնակ հայության ազգային-կրոնական հարաբերական համախմբվածությունը,
գ) հայկական Սփյուռքի ազգային-կրոնական հարաբերական միաբանությունը և կազմակերպական կառուցվածքը, որը, ինչպես հայտնի է, կերտված է մեր եկեղեցու շուրջը։
Ս. Էջմիածնի դեմ ՀՀ դրածո իշխանության գործողությունների նպատակը ամբողջական եկեղեցական հեղաշրջումն է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի պաշտոնին Անկարայի և Բաքվի առաջադրած թեկնածուի ծրագրված նշանակմամբ։ Թեկնածու, ով մոռացության կմատնի ու երբեք այլևս չի հիշատակի ո՛չ Հայոց Ցեղասպանության զոհերին, ո՛չ մեր կորուսյալ հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը, Արցախը կամ Նախիջևանը։ Անկարային, Բաքվին և նրանց մեր տարածաշրջանում «գլխավոր» կարգողներին պետք է, որ ոչ միայն Հայաստանի քաղաքական իշխանությունը ստրկաբար հպատակվի իրենց և բռնի թուրքացման ուղին, այլև հայոց հոգևոր իշխանությունը դառնա Կ. Պոլսի պատրիարքության պես մի վախվորած ու կրավորական կենտրոն, որը հայոց ազգային իրավունքների և պահանջների մասին ոչ մի բառ չի արտասանի՝ առանց թուրքական իշխանություններից թույլտվություն ստանալու։
Եկեղեցական հեղաշրջման փաշինյանական (իրականում՝ թուրք-ադրբեջանական) փորձը եթե հաջողվի, ապա Հայոց Եկեղեցին մեծ ցնցումների մեջ կհայտնվի և կպառակտվի լրացուցիչ բազմաթիվ հատվածների, որովհետև տեղերում առաջնորդների և ժողովրդի տարբեր մասերին օտար հատուկ ծառայությունները կմղեն տարբեր ուղղություններով։ Եվ եթե այսօր ունենք երկու կաթողիկոս՝ Ս. Էջմիածնի և Սսի, և երկու պատրիարք՝ Երուսաղեմի և Կ. Պոլսի, հայոց ներկա հայրապետին գահընկեց անելուց հետո կունենանք դրանց կրկնակին, եռակին կամ քառակին։ Այսինքն՝ Հայոց Եկեղեցին և հայ ազգը ներքին հոգևոր-քաղաքական երկարատև հակամարտության մեջ կհայտնվեն այն ժամանակ, երբ ամբողջ ազգի ուշադրությունը պետք է կենտրոնացվի արտաքին ցեղասպան թշնամու հարձակումներին ու ոտնձգություններին դիմակայելու վրա։ Իսկական, բուն նպատակն էլ հենց դա է՝ հայությունը պառակտել, կոտորակել, հյուծել ներքին անիմաստ կռիվներում ու արհեստական վեճերում, որպեսզի թշնամին հանգիստ և անարգել իրականացնի Հայաստանից մնացած այս վերջին բեկորի բնաջնջման վերջին արարը։
Տեսնես այսօր ՀՀ ԱԱԾ, ՀՀ գլխավոր դատախազության, ՀՀ ոստիկանության և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի ղեկավարության մեջ այս ամենը հասկացող կա՞, թե՞ գուցե բոլորն արդեն հոգով ՔՊականացել են։
Ինչ վերաբերում է «ընդդիմությանը», այն դարձյալ քարշ է գալիս իրադարձությունների պոչից՝ գրեթե խաղից դուրս վիճակում։ Այդ պատճառով էլ հույսը հայ հոգևորականների և սովորական հայ մարդկանց վրա է։ Պետք է հետ մղել հայության դեմ այս մեծ գրոհը, որի հետևանքները պակաս վտանգավոր չեն, քան 2020 թվականի սեպտեմբերին թշնամու լայնածավալ ներխուժումը։
Հ.գ. Ինչ վերաբերում է Վեհափառ հայրապետի զավակ ունենալու կամ չունենալու հարցին, ապա ներկա պայմաններում դա ամենաաննշան հարցն է։ Բավական է հիշել, որ զավակներ են ունեցել նաև հայոց առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորիչը, նրա որդի Վրթանես Ա կաթողիկոսը, վերջինիս որդի Հուսիկ Ա կաթողիկոսը, և Հուսիկի որդի Ներսես Ա Մեծ կաթողիկոսը…
Իսկ ամենակարևորն այն է, որ Գարեգին Բ-ն մյուռոնով օծված կաթողիկոս է, ինչը նրան տալիս է աստվածային շնորհներ և լիազորություններ՝ իրականացնելու եկեղեցու ղեկավարի և քահանայական պաշտոնի լիակատար ծառայությունը»։
Աստվածն առաջ։