«Պարը որդուս տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին». Լավրենտի Նատոյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքում

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Աշխույժ երեխա էր Լավրենտը։ Հինգ տարեկանից դպրոց հաճախեց, իրեն մանկապարտեզում արդեն անհետաքրքիր էր։ Ինչ-որ առումով սա փորձնական քայլ էր։ Մտածում էինք՝ կմնա, լավ, չէ, ուրեմն մեկ տարի հետո կհաճախի։ Բայց խնդիրներ չեղան, և արդյունքում մեկ տարի շուտ ավարտեց»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Լավրենտիի մայրիկը՝ տիկին Անին։

Լավրենտին ծնունդով Երևանից է, հաճախել է Վահան Տերյանի անվան թիվ 60 դպրոց։ Մայրիկը նշում է՝ առաջինից հինգերորդ դասարաններում որդին գերազանց առաջադիմություն է ունեցել։ «Դրանից հետո առաջադիմությունը փոխվեց, քանի որ սկսեց արդեն պարով զբաղվել։ Ժամանակը չէր հերիքում։ Մենք էլ մի տեսակ պահանջկոտ չէինք, թույլ էինք տալիս, որ նա հասկանա, թե ինչն է իրեն ավելի հոգեհարազատ ու հետաքրքիր։ Մաթեմատիկայի հետ սեր չուներ, բայց հումանիտար առարկաներ սիրում էր։ Իրեն հեշտ էին տրվում լեզուները, շատ պարզ ու մաքուր խոսում էր ռուսերեն, զուգահեռ նաև անգլերենն ու գերմաներենն էին։ Դպրոցը գերմանական թեքումով էր, երբ ընտրում էինք դպրոցը, դա մեծ դեր խաղաց, քանի որ արտերկրում սովորելու, ինչ-որ ծրագրերի մասնակցելու համար օտար լեզուն կարևոր նշանակություն ունի»։

Մայրիկն անկեղծանում է՝ որդու՝ բանակում ծառայելու մասին երազանք չեն ունեցել։ «Իրեն այդ կարգավիճակում չենք պատկերացրել։ Մտածում էինք, որ նա այնպիսի ուսումնական հաստատությունում կսովորի, որ զինվորական ծառայությունը կհամատեղի կրթության հետ։ Կծառայեր, բայց ոչ դիրքում»։

Լավրենտին 8 տարեկանից հաճախել է Երկաթուղայինների «Անի» պարախումբ, պարել Robstyle խմբում, «Սարդարապատ» համույթում, «Բերդ» պարային անսամբլում։ «Ամեն ինչ սկսվեց «Անի» պարախմբից։ Իր ընկերները պարի էին գնում, Լավրենտն էլ ցանկություն հայտնեց նրանց հետ գնալու։ Եկավ տուն, մեզ ասաց, որ անհրաժեշտ ամեն ինչ գնենք, ուզում է պարի հաճախել։ Իր ընկերներից նա միակը դարձավ, որ շարունակեց պարի ուղին։ Պարն իր տարերքն էր, ուղղակի իր թևերը կտրեցին։ Նա կարող էր «Սարդարապատում» պարելով և՛ իր զինվորական ծառայությունն անցնել, և՛ իհարկե, չթողնել պարը։ Քննության օրը ՊՆ-ի ներկայացուցիչն ասել էր՝ չես կարող մասնակցել այս քննությանը, որովհետև ունես «սրտի հոդված»։ Բոլոր մարզիկներն ու պարողներն ունեն սրտի առիթմիա, դա բնական երևույթ է։ Այդ պաշտոնյան ասել էր՝ չեմ կարող թույլ տալ, որ մասնակցի քննությանը, իսկ եթե բեմի վրա իր սիրտը կանգնի՞... Իր սիրտը բեմի վրա չկանգնեց։ Իր վիրավորումը եղել է ԱԹՍ հարվածից՝ թիկունքից դեպի սիրտ»։

Դեռ ավագ դպրոցում Լավրենտին հստակ որոշել էր, որ կրթությունը շարունակելու է պարարվեստի ուղղությամբ։ 2021 թվականին ընդունվել էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի «Պարարվեստի մանկավարժություն բաժին»։ «Ուսանողական այդ մեկ տարին հրաշալի անցկացրեց «Բերդ» պարային անսամբլում՝ Կարեն Գևորգյանի ղեկավարությամբ։ Շատ մեծ դպրոց անցավ, ափսոս, որ կիսատ մնաց»։

Լավրենտին զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության 2022 թ. հուլիսի 28-ին։ Ծառայում էր Սոթքում։ «Ամառային զորակոչի ամենավերջին օրն էր։ Վիճակահանությամբ ընտրեց Սոթքի զորամասը, բայց առաջին 20 օրը ծառայել է Կարճաղբյուրում, հետո տեղափոխվել Սոթք։ Օգոստոսի 28-ին՝ իր երդմնակալության արարողությանը, առաջին ու վերջին անգամ ենք իրեն տեսել զինվորական համազգեստով»։

Լավրենտին անձնական կորուստներ էր ունեցել 44-օրյա պատերազմի ժամանակ։ «2020 թվականին իմ եղբայրը՝ Լավրենտի հարազատ քեռին, կամավոր մեկնել է Արցախ։ Նա զոհվեց հոկտեմբերի 28-ին, իրեն 40 օր հետո գտանք։ Այդ ընթացքում Լավրենտը շատ «մեծացավ»։ Նույն ժամանակ նաև իր ընկերոջը՝ Շահենին կորցրեց։ Շահենը պարում էր «Բերդ» անսամբլում։ Միասին պարել էին «Անի» պարախմբում, Շահենի օրինակով համալսարան էր ընդունվել։ Մտերիմ ընկերներ էին։ Շահենի կորուստն աննկարագրելի էր Լավրենտի համար։ Մինչև հիմա տղայիս ձայնն ականջներումս է, երբ ասում էր, որ Շահենն էլ չկա»։

Պատերազմը չշրջանցեց նաև Լավրենտիին։ 2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվեց Հայաստանի սահմանների վրա։ Լավրենտիի վերջին զանգը եղել է սեպտեմբերի 12-ի երեկոյան՝ ժամը յոթ անց կեսի կողմերը։ «Ճաշի ժամը վերջացել էր, խոսեցինք, ասաց՝ մա՛մ, ծանրամարտ ենք նայում, ամեն ինչ նորմալ է։ Ես էլ իրեն հարցրեցի՝ բալե՛ս, այդտեղ ապահո՞վ է։ «Մա՛մ, ամենաապահով տեղում եմ»։ Չգիտեմ, թե ինչու եմ նման հարց տվել իրեն։ Դա մեր վերջին զրույցն էր։ Գիշերը 12 անց կես ինձ զանգեցին՝ Անի՛, պատերազմ է։ Զանգում էինք Լավրենտին, չէր պատասխանում, իրեն անընդհատ գրում էի՝ մի վերցրու հեռախոսը, բայց գոնե մի բառ գրի։ Լավրենտը զոհվել է գիշերը 00։20-ին։ Առաջինը հարվածում են Սոթքի զորամասին, տղաները ներսից անկանոն դուրս են գալիս, որովհետև, մեր տեղեկություններով, այդ պահին համակարգող չի եղել։ Լավրենտը զոհվում է ԱԹՍ-ի՝ ընդամենը 2 սմ բեկորից»։

Լավրենտին տուն է «վերադառնում» հաջորդ օրը։ «Առաջին րոպեներին, երբ ամուսինս հայտնեց լուրը, իրեն ասում էի՝ դու չես տեսել, ոչ մեկին մի հավատա։ Իմ այդ հերքումից մեր շրջապատի մարդկանց սրտում էլ կասկած հայտնվեց։ Բայց իրականությունն այլ էր»։

Ապրելու ուժի մասին։ «Ապրած 18 տարվա ընթացքում այնքան սիրուն անուն է թողել տղաս, այդ անունը պետք է բարձր պահենք։ Հպարտություն եմ զգում, որ Լավրենտի մաման եմ։ Բարի էր, կամեցող, ընկերասեր։ Յուրաքանչյուրի մեջ փորձում էր մի լավ բան գտնել։ Շատ լավ ընկերներ ունի, որոնք մեզ հիշում են, այցելում, մեր կողքին են։ Շնորհակալ եմ իրենց ծնողներին, որ նման երեխաներ են դաստիարակել։ Լավրենտի ծննդյան օրերին գիշերը գնում ենք իր մոտ այն մտքով, որ մենակ մնանք իր հետ, շնորհավորենք։ Բայց Լավրենտի ընկերներն արդեն Եռաբլուրում են լինում։ Իր համակուրսեցիները տղայիս 20-ամյակի առիթով համալսարանում միջոցառում էին կազմակերպել, շատ գեղեցիկ բեմականացում, որը պատմում էր նրա կյանքի պատմությունը։

Իմ տղան հիանալի ընկերներ ունի, նրանք շարունակում են ընկերություն անել մյուս որդուս՝ Հարությունի հետ։ Նրա կողքին են, մեր կողքին են։ Միայն սա է ինձ ապրելու ուժ տալիս։ Եղբորս կորուստը դատարկություն բերեց, բայց Լավրենտին ինձ կյանք էր վերադարձնում։ Ասում էր՝ համերգ ունեմ, ամեն ինչ անում էր, որ ներկա լինեմ, չպարփակվեմ։

Իսկ հիմա... Շատ բարդ է, ամեն օր երազում ենք մեռնելու մասին։ Ամեն առավոտ ասում ես՝ այսօր էլ արթնացա, այսօր էլ պետք է դեմքիս ժպիտ նկարեմ, որովհետև, օրինակ՝ աշխատավայրում կամ շրջապատում որևէ մեկը մեղավոր չէ տեղի ունեցածում։ Երկու իրականության մեջ ենք ապրում»։

Հ. Գ. - Լավրենտի Նատոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 208 անգամ
Լրահոս
«Կյանքի Խոսքը» Վեհարանը գրոհելու համար չի տրամադրելու 1500 աղանդավոր. հայտարարություն Քաղաքացիները Զվարթնոց օդանավակայանում են՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին Եթե հայերը փոխեն Սահմանադրությունը, մենք, միևնույն է, ինչ-որ բան կմտածենք՝ ընդունեք փախստականներին, փոխեք պատմության դասագրքերը․ «Էխո Բաքու» Կառավարությունը փաստացի փակել է արտահանումը. Խաղաղության խաչմերուկ չհասած պահի իջնող կա Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի նոր կապիտուլյացիա. Ոսկան Սարգսյան Քաղաքացիական բախումներ հրահրելու գործում փորձառու գործադիր իշխանության ղեկավարը բացահայտ հանցագործության կոչեր է անում ՝ հավաքագրելով հանցակիցների. Արման Թաթոյան Քրիստոնեական սուրբ հավատքը կարող է դառնալ կենսական այն շաղախը, որը կապահովի ներազգային ամենալայն համախմբում. Վարդան Ոսկանյան Դատավոր Դոլմազյանը շուրջ 48 միլիոն դրամով բնակարանի գնման իրավունք է ձեռք բերել Պետական կամ մասնավոր խելագարություններին երբե՛ք չեն արձագանքում՝ վերածվելով խելապակասի. Հայր Ասողիկ Մալթայի դատարանն Ալիևի դստեր սկանդալի մասին գրած լրագրողի սպանության գործով երկու հոգու ցմահ ազատազրկման է դատապարտել Ռուբեն Վարդանյանի գործով դատական ֆարսի ժամանակ դատարանը մերժել է Վարդանյանի միջնորդությունները Արտակարգ դեպք՝ Երևանում Հարավային Ամերիկայի Հայոց թեմերի առաջնորդները, հոգևոր դասը և ժողովուրդը զորակցում են Վեհափառին Արցախը Ադրբեջան կոչողները չեն կարող Աստծո ու եկեղեցու պաշտպանության դիրքերից խոսել․ թյուրքագետ Հետաքրքիր փաստեր. ի՞նչ էր իրականացվում 1 դար առաջ եկեղեցու դեմ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցները իրենք պետք է զսպեն Ռուսաստանին. Պենտագոնի ղեկավար Եվրահանձնաժողովն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք» գազատարների դեմ և ռուսական նավթի գնի առաստաղը իջեցնել մինչև 45 դոլարի Ահա այսպիսի իրադրության մեջ էր Հայ Առաքելական եկեղեցին և Մայր Աթոռը շուրջ մեկ դար առաջ․ Վահե Սարգսյան Ադրբեջանին պետք է Հայաստանում ունենալ մի կաթողիկոս, որն Արցախի սրբությունները կճանաչի ոչ թե հայկական, այլ աղվանական. Հայկ Ֆարմանյան Մոսկվան և Սեուլը ներուժ ունեն վերականգնելու համագործակցությունը. Կորեայում ՌԴ դեսպան Նեթանյահուն առաջընթաց է արձանագրել պատանդների հետ կապված բանակցություններում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am