Որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Փաշինյանի մահաբեր շարասյունը կապ չուներ վթարի հետ․ Րաֆֆի Ասլանյան

Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ուրեմն, ՆԳՆ-ի հրապարակած «հերքող» տեսանյութը հետևյալի մասին է. Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյունը հերթական անգամ երթևեկում է սահմանված 100 կիլոմետր ժամը գերազանցող արագությամբ, առջևից ուղեկցող պարեկային ծառայության ավտոմեքենան այդ սարսափելի ընթացքը «խանգարող» բոլոր վարորդներին ագրեսիվ կերպով ստիպում է աջ քաշել-կանգնել՝ այդպիսով նեղացնելով ճանապարհը։ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան ստիպված կայանում է, ապա հետևից մոտենում է պարեկային ծառայության մեկ այլ կարգախումբ՝ վարորդին «ակտավորելու» նպատակով, քանի որ իրենց շեֆին խանգարել է։ Նման վարչական իրավախախտում իհարկե գոյություն չունի, բայց միշտ այդպես են վարվում՝ արհեստական մի բան գրում են (արագություն, հեռախոս, ամրագոտի և այլն), նույնիսկ մի անգամ Սևանի մայրուղում փորձել էին իրենց հակառակվող վարորդի վրա այնպիսի իրավախախտում գրել, որը նախատեսում է վարորդական իրավունքից զրկում։ Իսկ մնացածը ավելի պարզ երևում է տեսանյութում. նեղացված ճանապարհով երթևեկության արդյունքում «Հոնդա» մեքենայի դիմաց շրջադարձով կտրում է «ՎԱԶ 2106»-ի վարորդը և տեղի է ունենում վթարը։ Այսինքն, որևէ անկողմնակալ անձ չի կարող պնդել, որ Նիկոլ Փաշինյանի մահաբեր ավտոշարասյունը կապ չուներ բարեբախտաբար այս անգամ մարմնական վնասվածքներով ավարտված վթարի հետ։ Այսպես է լինելու, քանի դեռ որևէ մեկը քրեական պատասխանատվության չի ենթարկվել նույն շարասյան կողմից, նույն սցենարով ու արագությամբ երեք տարի առաջ Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով։ Այս մարդիկ խնդիր չունեն՝ եթե մեկն էլ նույնիսկ մահանար, շարասյան ավտոմեքենաների ռադիոկապի ձայնագրությունները հերթական անգամ կոչնչացնեին ու….վերջ։
Հիշեցնենք, որ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ փորձելով ապացուցել, որ Փաշինյանի շարասյունը կապ չունի վթարի հետ