Չի բացառվում՝ անուղղակի խոստովանում է, որ 2008-ի մարտի 1-ին սխալվել է․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը․ «Առաջին նախագահի հանդեպ ամենայն հարգանքով, Արցախյան շարժման ու հաղթանակի հարցում նրա հիմնարար դերի հանդեպ հարգանքով հանդերձ, բայց ես մի «ոչ տրենդային» բան հիշեցի: Հիշեցի, թե նա ինչպես էր 2008 թվականի մարտի 1-ին մերժել Գարեգին Երկրորդին, որը գնացել էր Առաջին նախագահի կեցավայր, որպեսզի քննարկեր Ռոբերտ Քոչարյանի հետ երկխոսության միջնորդության հարց, մարտիմեկյան իրավիճակը հանգուցալուծելու համար:
Տեր-Պետրոսյանը մերժել էր ընդունել Գարեգին Երկրորդին, ասելով, որ իր մոտ չպետք է գա, այլ գնա Ռոբերտ Քոչարյանի մոտ:
Հնարավոր է, որ առաջին նախագահն իրավացի է եղել, չգիտեմ: Մյուս կողմից, չէ՞ որ մարտիմեկյան պատմությունը շատ մութ պատմություն է, տարիների ընթացքում ավելի շատ հարցեր առաջացրած, քան պատասխաններ բերած:
Բայց, ինչպիսի՞ն կլիներ ընթացքը՝ ոչ միայն այդ օրվա իրադարձությունների, այլ Հայաստանի հետագա տասնամյակի, եթե այդուհանդերձ Առաջին նախագահն ընդուներ Կաթողիկոսի միջնորդության փորձը:
Շատերը կասեն հիմա, թե ինչո՞ւ հիշեցի այդ պատմությունը, միթե՞ դրա ժամանակն է: Ես չգիտեմ, ինչի ժամանակն է: Շատ լավ է, որ Առաջին նախագահն իր աջակցությունն է հայտնում Կաթողիկոսին:
Չի բացառվում, որ այդ քայլով նա նույնիսկ անուղղակի ձևով խոստովանում է, որ 2008 թվականի մարտի 1-ին սխալվել է՝ մերժելով Գարեգին Երկրորդի միջնորդությունը: Շատերին կարող է թվալ, թե այդ ամենն անցել-գնացել է: Ես պնդում եմ՝ ոչ, ընկերներ, այդ ամենը չի անցել-գնացել: Այյդ ամենը իր անջնջելի հետքն է թողել Հայաստանի հետագա ընթացքի ու ներքին և արտաքին զարգացումների վրա: Հայաստանի հետ այդ ընթացքում տեղի են ունեցել այնպիսի մասշտաբի լատենտ և բացահայտ տրանսֆորմացիաներ, որ այդ համատեքստում 10-15 տարին ընդամենը մի «արագ ակնթարթ» են, որտեղ «անցած-գնացած» բաներ պարզապես չկան»: