Կալաձեն «անհեթեթություն» է որակել

«Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն «մեծ հիմարություն» է անվանել Եվրախորհրդարանի անդամ Նաչո Սանչես Ամորի հայտարարությունը: Այս մասին գրում է aliq.ge-ն։
Ամորը հայտարարել է, որ պատժամիջոցների տակ գտնվող Վրաստանի իշխանավորները զանգահարում են Եվրամիություն և ոչ կառավարական կազմակերպություններ՝ հարցնելով, թե ինչպես կարող են իրենց հանել պատժամիջոցների ցուցակից։
«Ի՜նչ հիմարություն։ Սովորական հիմարություն։ Ի՞նչ պատասխանեմ ձեզ։ Սովորական հիմարություն։ Ես բազմիցս խոսել եմ պատժամիջոցների մասին, ևս մեկ անգամ կրկնում եմ. երբ խոսքը վերաբերում է երկրին, հայրենիքին, երկրի շահերին և դրա պաշտպանությանը, ոչ մի պատժամիջոց կարևոր չէ։ Վստահ եմ, որ սա մեծ հիմարություն է», — ասել է Կալաձեն։
Եվրախորհրդարանի մարդու իրավունքների ենթահանձնաժողովի անդամ, պատգամավոր Նաչո Սանչես Ամորը հունիսի 5-ին ասել է, որ միակ բանը, որին «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչները արձագանքում են, անձնական պատժամիջոցներն են։
«Այս մարդիկ, որոնց անունները հրապարակվել են, զանգահարում են Եվրոպական Միություն, ՀԿ-ներ՝ հարցնելով, թե ինչպես կարող են իրենց հանել այդ ցուցակից», — ասել էր Սանչես Ամորը։
Սանչես Ամորը մայիսի 26-ից 28-ը եռօրյա այցով Թբիլիսիում էր՝ Եվրոպական խորհրդարանի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի (DROI) այլ անդամների հետ միասին։
Եվրախորհրդարանի իսպանացի պատգամավորի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ընդդիմադիր քաղաքական կուսակցությունների անդամների, Վրաստանի ժողովրդական պաշտպանի և եվրոպամետ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների ընտանիքների անդամներին։
Նա նաև անձնական պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին խոսել է հունիսի 3-ին Եվրոպական խորհրդարանի Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի արտահերթ նիստում, որտեղ լսել են Վրաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին։
Նա խոսել է ՀԿ-ների համար տարբեր օրենսդրական փոփոխությունների հետևանքով ստեղծված բարդ աշխատանքային պայմանների մասին։
Անհատական պատժամիջոցների կիրառման համար անհրաժեշտ է ԵՄ անդամ պետությունների միջև կոնսենսուս, որը դեռևս ձեռք չի բերվել Հունգարիայի և Սլովակիայի դեմ լինելու պատճառով, չնայած, ինչպես նշել է ԵՄ դեսպանը, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, իսկ Բալթյան երկրները, Չեխիան, Գերմանիան և Լեհաստանը, ԵՄ-ից անկախ, վիզային պատժամիջոցներ են կիրառել։
Հունվարին Եվրամիության խորհուրդը որոշեց կասեցնել ԵՄ-Վրաստան վիզային դյուրացման համաձայնագրի որոշ մասեր. վրացի դիվանագետներն ու պաշտոնյաները այլևս չեն կարողանա օգտվել դիմումի կրճատված ժամկետից, վիզայի վճարների նվազեցումից և ԵՄ անդամ պետություններ մեկնելիս սակավ օժանդակ փաստաթղթերից։
Որոշումը պատասխան է ժողովրդավարական նահանջին և ճնշումներին, նաև «գործակալների» և հակաԼԳԲՏ օրենքների ընդունմանը։
Վիզային պատժամիջոցներ կիրառեցին «Վրացական երազանք»-ի բարձրաստիճան պաշտոնյաների և որոշ կուսակցական ներկայացուցիչների նկատմամբ սկզբում Լիտվան, ապա Էստոնիան, Լատվիան և Գերմանիան։ Պատժամիջոցներ կիրառեցին նաև ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան։