Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկել է փաստաբանական գրասենյակը

«Մալխասյանց» փաստաբանական գրասենյակի փաստաբանները 2025 թվականի մայիսի 30-ին դիմել են Փաստաբանների պալատ տեղեկացնելով, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով 2025 թվականի մայիսի 27-ին խուզարկություն է կատարվել իրենց աշխատավայրերում, որի արդյունքում առգրավվել են փաստաբանների աշխատանքային համակարգիչները:
Փաստաբանները հայտնել են, որ խուզարկության ժամանակ վարույթն իրականացնող մարմնին տեղեկացրել են, որ իրենք հանդիսանում են փաստաբան, իրենց մոտ գտնվող փաստաթղթերը և էլեկտրոնային կրիչները, ներառյալ՝ համակարգիչները, պարունակում են բազմաթիվ վստահորդների փաստաբանական գաղտնիքներ: Փաստաբանները պահանջել են դադարեցնել իրականացվող գործողությունները, սակայն նախաքննական մարմինը անտեսելով փաստաբանների հայտարարությունները՝ շարունակել է գործողությունները՝ բացելով փաստաբանների աշխտասեղանների դարակները և թղթապանակները, ծանոթացել փաստաթղթերին, առգրավվել բոլոր՝ թվով չորս փաստաբանների համակարգիչները:
Նշված հանգամանքն արձանագրվել է նաև դատավարական փաստաթղթերում և նյութերում (տեսանյութերում):
Հատկանշական է, որ փաստաբաններից մեկը նշված քրեական վարույթով, որի շրջանակներում կատարվել են նկարագրված գործողությունները, հանդիսանում է մեղադրյալի պաշտպանը: Այսինքն խուզարկությունը կատարվել է քրեական վարույթով պաշտպանի աշխատավայրում, և առգրավվել է նրա աշխատանքային համակարգիչը:
«Մալխասյանց» փաստաբանական գրասենյակի փաստաբանների ներկայացրած հանգամանքները հրատապ կարգով քննարկվել են Փաստաբաններ իրավունքների պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից:
Փաստաբանների աշխատանքային փաստաթղթերի խուզարկության և համակարգիչների առգրավման հարցը Հանձնաժողովը քննարկել է փաստաբանական գաղտնիքի անձեռնմխելիության և դրա պաշտպանության երաշխիքների, ինչպես նաև փաստաբանի մասնագիտական գործունեության ազատության համատեքստում:
Հանձնաժողովը հիշեցնում է, որ «Փաստաբանության մասին» օրենքի 21‑րդ հոդվածի 2‑րդ մասով արգելվում է պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց պաշտոնատար անձանց, ֆիզիկական և իրավաբանական անձանց (ներառյալ` զանգվածային լրատվության միջոցների) միջամտությունը փաստաբանական գործունեությանը:
Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ փաստաբանի բնակարանը, տրանսպորտային միջոցը կամ գրասենյակը, ինչպես նաև փաստաբանական կազմակերպության գրասենյակը չեն կարող խուզարկվել փաստաբանական գործունեության հետ առնչվող հանգամանքները պարզելու կապակցությամբ:
Նույն հոդվածի 7-րդ մասը սահմանում է, որ փաստաբանի մոտ կամ փաստաբանական կազմակերպության գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և տեղեկատվական կրիչները (համակարգիչները, տեսաձայնագրող սարքերը, լազերային սկավառակները, տեսաժապավենները և այլն) անձեռնմխելի են, չեն կարող առգրավվել (վերցվել) և չեն կարող որպես ապացույց օգտագործվել:
Վստահորդների տրամադրած տեղեկությունների գաղտնիության պահպանումը փաստաբանի գործունեության էությունն է: Վերը նշված նորմերը կոչված են երաշխավորելու վստահորդների հետ ցանկացած հարաբերությունների ու խորհրդատվությունների գաղտնի բնույթը` փաստաբանի մասնագիտական պարտականությունները կատարելիս:
Փաստաբանի մոտ կամ փաստաբանական գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և կրիչներն անձեռնմխելի են, դրանք գտնվում են օրենքի պաշտպանության ներքո:
Փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ոտնձգությունների անթույլատրելիության հարցին, այդ թվում՝ միջազգային չափանիշներին, Հանձնաժողովը բազմիցս անդրադարձել է իր նախորդ հայտարարություններով (տե՛ս օրինակ փաստաբան Հովհաննես Չամսարյանի փաստաբանական գրասենյակում խուզարկություն կատարելու վերաբերյալ հրապարակումը, հասանելի է՝ https://advocates.am/news/view/2554.html հղումով):
Այդ չափանիշները պետությանը պարտավորեցնում են ապահովել փաստաբանական գաղտնիքի անձեռնմխելիությունը:
Նույնիսկ, առերևույթ հանցագործության դեպքի հանգամանքների վերաբերյալ քննություն իրականացնելիս, քրեական հետապնդման մարմինները պետք է ձեռնպահ մնան փաստաբանի վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիքի հասանելիություն ունենալուց: Այդպիսի գործողություններն անընդունելի են և արգելված:
Անդրադառնալով փաստաբանների դյուրակիր համակարգիչների առգրավմանը, ինչպես նախկինում Հանձնաժողովն առիթ է ունեցել ընդգծելու, քրեական վարույթն իրականացնող մարմինն օբյեկտիվորեն հնարավորություն չունի փաստաբանական գաղտնիքի երաշխիքների պահպանմամբ իրականացնելու փաստաբանի էլեկտրոնային կրիչի պարունակությունը բացահայտող դատավարական գործողություն, ուստի այդպիսի ցանկացած գործողություն հղի է փաստաբանական գաղտնիքի պաշտպանության իրավական երաշխիքների խախտման վտանգով:
Ելնելով վերոգրյալից՝ Հանձնաժողովը հորդորում է նախաքննական մարմնին ձեռնպահ մնալ փաստաբանների դյուրակիր համակարգիչների պարունակությունը հասանելի դարձնող դատավարական ցանկացած գործողությունից և վերադարձնել այն:
Միաժամանակ Հանձնաժողովը խիստ մտահոգված է այն հանգամանքով, որ փաստաբանը, որի փաստաբանական նյութերը ենթարկվել են խուզարկության և ում համակարգիչն առգրավվել է, նույն քրեական վարույթով մեղադրյալի պաշտպանն է: Այսինքն քրեական վարույթով խուզարկությունը և առգրավվումը կատարվել է նույն վարույթով պաշտպանի նկատմամբ:
Այսպիսի երևույթն աննախադեպ է: Այն անթույլատրելի է և տեղ չի կարող ունենալ իրեն ժողովրդավարական հռչակած հասարակությունում: Նման գործողությունները ուղղակիորեն ոտնձգություն են փաստաբանի անկախության և օրինական մասնագիտական գործունեության ազատության նկատմամբ:
Քրեական վարույթով պաշտպանի աշխատանքային փաստաթղթերի խուզարկությունը և նրա համակարգչի առգրավումը նրա վստահորդի՝ Սահմանադրությամբ և միջազգային հեղինակավոր փաստաթղթերով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի և մեղադրանքից պաշտպանվելու իրավունքի կոպտագույն խախտում է: Պաշտպանի նկատմամբ այդպիսի միջամտությունը խաթարում է արդար դատաքննության էությունը, արժեզրկում վարույթի կողմերի հավասարության սկզբունքը:
Միաժամանակ, Հանձնաժողովը հրավիրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործող միջազգային և ազգային կազմակերպությունների և գործընկերների ուշադրությունը դեպքի առնչությամբ, ակնկալում նրանց աջակցությունը՝ հետագայում նմանատիպ դեպքերը կանխարգելելու և կրկնությունը բացառելու նպատակադրումով:
Ամփոփելով վերոգրյալը՝ Հանձնաժողովը՝
ԽԻՍՏ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է փաստաբանական գաղտնիքի բացահայտման վտանգ պարունակող նախաքննական մարմնի գործողությունները, առավել ևս՝ փաստաբանական գաղտնիք պարունակող նյութերի (փաստաթղթերի, թղթապանակների) խուզարկությունը,
ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ Է, որ «Մալխասյանց» փաստաբանական գրասենյակի փաստաբաններից առգրավված համակարգիչները ողջամտորեն կարող են պարունակել նրանց վստահորդներին վերաբերող փաստաբանական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ, ուստի գտնվում են «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածով երաշխավորված պաշտպանության ներքո,
ՀՈՐԴՈՐՈՒՄ Է քրեական վարույթն իրականացնող մարմնին զերծ մնալ փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ոտնձգություն ենթադրող ցանկացած գործողությունից, այդ թվում՝ համակարգիչների պարունակությունը բացահայտելուն ուղղված որևէ դատավարական գործողություն կատարելուց, և վերադարձնել դրանք.
ԽՍՏԱԳՈՒՅՆՍ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է քրեական վարույթով պաշտպան հանդիսացող փաստաբանի աշխատանքային փաստաթղթերի խուզարկությունը և աշխատանքային համակարգչի առգրավումը:
Փաստաբանների պալատ