Բելգորոդի մարզում երկաթուղային գծեր են պայթեցվել

Ռուսաստանի Բելգորոդի մարզի Պրոխորովկայի շրջանում պայթեցվել են երկաթուղային գծեր, ռելսերից դուրս է ընկել պահեստային ջերմաքարշը: Գնացքների երթևեկությունը ուշացել է 2,5 ժամով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին իր Telegram ալիքում հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը:
Նրա խոսքով՝ Պրոխորովկայի շրջանում պահեստային ջերմաքարշի՝ ռելսերից դուրս գալը, նախնական տեղեկատվության համաձայն, տեղի է ունեցել ռելսերի տակ տեղադրված պայթուցիկ սարքի պատճառով:
«Վերադառնում էի գործուղումից, բայց գնացքն այսօր հասավ միայն մինչև Պրոխորովկա: Ուղևորներն այնուհետև տեղ են հասնում «Միասնական տրանսպորտային ընկերության» ավտոբուսներով, որոնք Պրոխորովկայի կայարան են ժամանել պայթեցված երկաթուղային գծերի պատճառով», – գրել է նահանգապետը:
Տարածաշրջանի ղեկավարը հավելել է, որ տուժածներ չկան: Գնացքների երթևեկությունն ուշացել է 2,5 ժամով:
Ներկայում բոլոր գնացքներն ընթանում են ժամանակացույցով: Երկաթգծի մասը վնասվել է:
«Նորոգման բրիգադը սկսել է վերականգնել գծերի վնասված հատվածը», – ասել է Գլադկովը:
Հունիսի 5-ին ՌԴ Վորոնեժի մարզում էր երկաթգծի մի հատված պայթեցվել՝ գնացքի անցնելուց առաջ։ Տուժածներ չկան։
Իսկ հունիսի 1-ի գիշերը Կուրսկի և Բրյանսկի մարզերում պայթյունների հետևանքով գնացքները դուրս էին եկել ռելսերից։ Բրյանսկի մերձակայքում մարդատար գնացքի վթարի հետևանքով 7 մարդ էր զոհվել, 119 մարդ՝ վիրավորվել։