Ռուսական հարվածներից Կիևում կան զոհեր, իսկ ՌԴ-ի տարածքում խոցվել է 174 ուկրաինական ԱԹՍ

Ռուսաստանը և Ուկրաինան հերթական հարվածներն են հասցրել միմյանց։ Երկու կողմերն էլ հայտնել են վիրավորների մասին, Կիևում կան զոհեր։ Ինչպես տեղեկանում ենք BBC-ի ռուսական ծառայությունից, Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների հարվածներից մայրաքաղաքում զոհվել է առնվազն 4 մարդ։ Ավելի վաղ Կլիչկոն հայտնել էր նաև 20 վիրավորի մասին։
Ըստ Telegram-ալիքների՝ Կիևում հզոր պայթյուններ են որոտացել բալիստիկ հրթիռների հարվածներից։ Մինչ այդ ԱԹՍ-ների հարվածների պատճառով հոսանքազրկումներ են տեղի ունեցել։
Ուկրաինայի Լուցկ քաղաքի իշխանությունները հայտնել են ռուսական հարվածներից 5 վիրավորի մասին։ Լրջորեն վնասվել է բազմաբնակարան բարձրահարկ շենք, մի քանի տուն վնասվել են, բազմաթիվ շենքերում կոտրվել են ապակիներ։
Տերնոպոլ քաղաքի մի մասն, ըստ տեղի իշխանությունների, ռուսական հարվածների հետևանքով հոսանքազրկվել է, խոցվել են արդյունաբերական օբյեկտներ և ենթակառուցվածքի օբյեկտներ։
Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը երկրի տասից ավելի մարզերում խոցվել է ուկրաինական 174 ԱԹՍ, իսկ Սև ծովի ջրատարածքում ոչնչացվել է երեք «Նեպտուն-ՄԴ» կառավարվող հրթիռ։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն իր Telegram ալիքում հայտնել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերը խոցել են մայրաքաղաք թռչող 10 անօդաչուներ։ Հետևանքների մասին ոչինչ չի հաղորդվում։ Իսկ Ռուսաստանի Տուլայի մարզի նահանգապետը հայտնել է, որ գիշերն ուկրաինական երկու ԱԹՍ է խոցվել մարզի երկնքում, 3 մարդ վիրավորվել է։
Սարատովի նահանգապետը հայտարարել է, որ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածներից Էնգելս քաղաքի ձեռնարկություններից մեկում հրդեհ է բռնկվել։
BBC-ի ռուսական ծառայությունը նշում է, որ սոցցանցերում տարածված տեսանյութերի տվյալների ստուգման արդյունքներով պարզ է դառնում, որ այրվում է նավթաբազա։