«Փաշինյանը փորձում է կրկին դիրքավորվել որպես ժողովրդի ներկայացուցիչ, դրա համար է թիրախավորում եկեղեցուն». Սողոմոնյան

«Փաշինյանը հասկանում է, որ առաջիկայում ընտրություններն են, իսկ իր ռեյտինգն ընկած է, այդ պատճառով էլ հարկավոր է կրկին դիրքավորվել որպես իբրև թե ժողովրդի ներկայացուցիչ, պայքարող կերպար։ Դրա համար նրան նոր թիրախ է հարկավոր, այժմ այդ թիրախում Հայաստանյաց Առաքելական եկեղեցին է։ Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը՝ խոսելով այն մասին, թե ինչն է գործող իշխանությունների՝ հատկապես Նիկոլ Փաշինյանի կողմից եկեղեցուն թիրախավորող, վարկաբեկող հայտարարությունների պատճառը։
«Նրա թիրախում հայտնված այլ անձանց մասին արդեն ամեն ինչ ասվել է, ոմանք հավատացել են, ոմանք՝ ոչ։ Հիմա նրան նոր հիմնահարց ու կոնֆլիկտի նոր օբյեկտ է պետք։ Հայաստանյաց Առաքելական եկեղեցուն է թիրախավորել, որպեսզի սուր կոնֆլիկտ ընթանա, նոր հարցեր առաջանան, դրանք սկսեն քննարկվել, և ՀՀ այն քաղաքացիներին, որոնք Հայաստանյաց Առաքելական եկեղեցու հետևորդներ չեն, կամ նրանց, ովքեր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով որոշ հոգևորականների գործունեությունից դժգոհ են կամ հիասթափված են, կամ խորությամբ չեն ընկալում Հայ Առաքելական եկեղեցու դերն ու առաքելությունը, բերի իր դաշտ, և ընտրության առաջ կանգնեցնի։ Իհարկե, Փաշինյանը շատ կործանարար գործունեությամբ է զբաղվում»,–հավելեց Սողոմոնյանը։
Պատասխանելով լրագրողի դիտարկմանն այն մասին, որ ըստ իշխանության ներկայացուցիչների, եկեղեցին սկսել է քաղաքականությամբ զբաղվել, դրանով իսկ «ստիպելով» իրենց նման հայտարարություններ անել, Մենուա Սողոմոնյանն ասաց.
«Նախ, եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում։ Քաղաքականությամբ զբաղվել, նշանակում է պայքարել իշխանության համար։ Եթե քաղաքականությամբ զբաղվել ասելով ի նկատի ունեն դիրքորոշում արտահայտելը, յուրաքանչյուր քաղաքացի ազատ է իր դիրքորոշումն արտահայտելու համար։ Եկեղեցին նույնպես, որպես կառույց, միավորում, հաստատություն, այնպես, ինչպես հասարակական, կրոնական, սոցիալական այլ հաստատություններ, կարող է ազատորեն իր կարծիքն ու պահանջներն արտահայտել, սա երաշխավորվում է օրենքով և Սահմանադրությամբ։ Բայց հակառակը, եկեղեցու, մարդկանց, ընտանիքների կյանքին միջամտությունն անթույլատրելի է, արգելված է Սահմանադրությամբ։ Տվյալ պարագայում Նիկոլ Փաշինյանը խախտել է Սահմանադրության 17-րդ հոդվածը, որը երաշխավորում է կրոնական կազմակերպությունների ազատությունն ու ինքնավարությունը»։
Մենուսա Սողոմոնյանի խոսքով, պետք է հաշվի առնել, որ տեղի չի ունենում պետություն–եկեղեցի հակամարտություն, Նիկոլ Փաշինյանը ուղղակի եկեղեցուն իր հակառակորդն է համարում։
«Նիկոլ Փաշինյանը ո՛չ պետություն է, ո՛չ էլ եկեղեցի։ Ցավոք սրտի, նա պետությունը ղեկավարում է, բայց խորքային առումով նա չի ներկայացնում Հայաստանի ազգային պետական շահերը, և բազմիցս խախտել է ՀՀ Սահմանադրությունը։ Նրա աթոռին մնալն առաջին հերթին պայմանավորված է միջազգային քաղաքական կոնյուկտուրայով և ուժային կառույցների օժանդակությամբ։ Նա չի ներկայացնում նաև եկեղեցին, որովհետև եթե լիներ հոտի հավատավոր անդամ, չէր վիճարկի Գարեգին երկրորդի աթոռակալման հանգամանքը»,–հավելեց Սողոմոնյանը։
«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման անդամի խոսքով իշխանությունների կողմից եկեղեցուն թիրախավորելը և վիրավորական հայտարարություններով հանդես գալը կարող է կործանարար հետևանքներ ունենալ։
«Մեր ինքնության կարևորագույն հենասյունը հենց Հայաստանյաց Առաքելական եկեղեցին է, եթե նրա հեղինակությունն իջավ, մենք շատ լուրջ խնդիր կունենանք, որպես հասարակություն կփլուզվենք։ Հարվածել մեր հենասյանը, կնշանակի քայքայել հասարակության արժեքները, դա նաև լուրջ հարված կլինի մեր պետականությանը։ Կործանարար կարող է լինել այն առումով, որ այս թեման կարող է միջքաղաքացիական դաշտ տեղափոխվել, եկեղեցու հետևորդների և եկեղեցուց դժգոհողների միջև կոնֆլիկտի կարող է տանել։ Այս ամենը խիստ դատապարտելի է նաև բարոյական տեսանկյունից»,–նշեց Սողոմոնյանը։
Նրա խոսքով, եթե անգամ եկեղեցիներում որևէ խնդիր է առկա եղել, օրինակ որևէ ավելորդ իր են նկատել եկեղեցում, հարկավոր էր այդ հարցին այլ կերպ լուծում տալ։
«Նախ պետք է ասեմ, որ միշտ Հայաստանի տարբեր եկեղեցիներում լինում եմ, և գործող եկեղեցիներում նման խնդիր չեմ տեսել։ Դա պարզապես սուտ է։ Իսկ եթե այն եկեղեցիներում, որոնք պատմամշակությային հուշարձաններ են և գտնվում են պետության հոգածության ներքո, նման խնդիր կա, ապա ներողություն, բայց մեղավորներն այն մարդիկ են, ովքեր գտնվում են քո ենթակայության ներքո»,–ասաց Մենուա Սողոմոնյանը՝ դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին։