ՔՊ-ն Տիգրան Ավինյանին մատաղ է անելու ընտրություններից առաջ, բայց Ավինյանն էլ խոսելու շատ բան կունենա, նրան բավական վտանգավոր է կպնելը. Մեսրոպ Մանուկյան

Հայկ Կոստանյանին պետք է շնորհակալություն հայտնել միայն այն բանի համար, որ նա այսօր փաստեց՝ կոռուպցիան իրականում ամեն տեղ վխտում է, թեև միայն նա չէ, որ այդ մասին խոսում է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ անդրադառնալով քաղաքային իշխանության ներկայացուցիչների միմյանց հաջորդող ձերբակալություններին, հայտարարել էր, որ եթե այլ գերատեսչություններում էլ նույն պարբերականությամբ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ իրականացվեն, ինչպես դա արվում է վերջին շրջանում Երևանի քաղաքապետարանում, ապա լրագրողներն «այլ վերնագրեր գրելու առիթ կունենան»։ «Այսինքն՝ ուրախ կլինենք, որ այն օպերատիվ հետախուզական աշխատանքները, որոնք կատարվում են Երևանի քաղաքապետարանի շուրջ, տեսնենք նաև այլ կառույցներում»,– նշել էր Կոստանյանը։
Մեսրոպ Մանուկյանի դիտարկմամբ՝ չնայած քաղաքապետարանը թիրախավորվում է օբյեկտիվորեն, քանի որ այն չարաշահումներն ու մսխումները, որոնց մասին իրենք բարձրաձայնում են, ենթադրում են, որ Ավինյանը վաղուց պետք է կալանավորված լիներ։ «Այսինքն՝ այս գործընթացի հիմքում օբյեկտիվ գործոններ էլ կան, բայց ես վաղուց եմ պնդում, որ ՔՊ-ն Տիգրան Ավինյանին մատաղ է անելու ընտրություններից առաջ։ Ասելու են՝ Ավինյանը կոռումպացված է, թալանչի է, ամեն ինչի մեջ նա է մեղավոր, դրա համար էլ այսքան թալանը ու կոռուպցիան նրա մեղքով է եղել։
Երևանն, իրականում, մեջ-մեջ են արել։ Այսինքն՝ մեկը Երևանի վրա թանկ բան է ծախսում՝ պարզվում է՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի տեղակալի ամուսինն է։ Մեկին քանդում ես՝ տեսնում ես, մեկ այլ փոխնախարարի քրոջ շինարարությունն է, մյուսին քանդում ես՝ մեկ ուրիշի հետ կապ ունի։ Այսինքն՝ Երևանը մեջ-մեջ են արել, ու բառիս ուղիղ իմաստով թալանում են։
Հետևաբար, քանի որ Երևանում կառավարումը ամբողջությամբ ձախողվել է՝ պետք է ինչ-որ մեկին մեղավոր դարձնեն։ Իսկ այդ մեղավորը քաղաքապետն է. էլ ո՞վ պետք է լինի մեղավորը։ Եթե Ավինյանը չլիներ քաղաքապետ, լիներ, օրինակ, Արմեն Փամբուխչյանը՝ նրան էին կալանավորելու»,– նշեց Մանուկյանը։
Նա նաև ընդգծեց, որ իրականում Ավինյանին կալանավորելը այդքան էլ հեշտ չէ, քանի որ նա COVID-19-ի ժամանակ եղել է փոխվարչապետ և կառավարել է ֆինանսական հոսքերը։ «Կարծում եմ՝ Տիգրան Ավինյանն էլ խոսելու շատ բան կունենա, ու նրան բավական վտանգավոր է կպնելը։ Դրա համար էլ կամաց-կամաց մոտենում են Ավինյանի տներին։ Իսկ այսօր Ավինյանը մեսիջ էր ուղարկում Հայկ Կոստանյանի բերանով՝ ուղիղ տեքստով հայտարարելով, որ այլ տեղերում էլ կոռուպցիա կա։ Իսկ Ավինյանը եղել է փոխվարչապետ։ Ո՞վ, եթե ոչ հենց Ավինյանը, գիտի, թե որտեղ ինչ է կատարվում։ Եվ եթե պետք լինի՝ կկանգնի ու կասի, թե որտեղ որքան են փող ուտում։ Կարծում եմ՝ այսօր Ավինյանը մեսիջ էր ուղարկում, և այդ մեսիջը ուղղված էր հենց Փաշինյանին»,– ասաց Մեսրոպ Մանուկյանը։