ՀՀ-ն երրորդ երկրից ծաղիկներ ներմուծում է, սակայն ներքին օգտագործման համար, իսկ վնասատուների հանգամանքն ուսումնասիրվում է. Անուշ Հարությունյան

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ռուսական «Ռոսսելխոզնադզոր»-ը մտադիր է հունիսի 16-ից ժամանակավոր արգելք սահմանել Հայաստանից Ռուսաստան ծաղիկների ներմուծման վրա։
Որոշումը պայմանավորված է Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային վնասատուների բազմակի հայտնաբերմամբ։
Սննդի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանն Aysor.am-ի հետ զրույցում նշեց, որ ռուս գործընկերներից նամակը ստացել են երկու ժամ առաջ, նամակում հիմնական շեշտը դրված է նրա վրա, որ Հայաստանից ծաղկի արտահանման մեծացում է նկատվում և իրենք կասկածներ ունեն՝ երրորդ երկրից ծաղիկները բերվել են Հայաստան և հայկական սերտիֆիկատով տեղափոխվել Ռուսաստան։
«Իհարկե, երրորդ երկրից ծաղկի ներկրում ունենք, բայց դրանց ծավալները շատ փոքր են և զուտ Հայաստանում օգտագործելու համար են։ Իսկ Հայաստանում արտադրվող ծաղիկը, այո, արտահանվում է Ռուսաստան։ Մեր ջերմոցների ծավալներով մեծացել են և նման ծավալների արտահանում ՀՀ-ն կարող է ապահովել»,-ասաց խոսնակը։
Ինչ վերաբերում է Հայաստանից մատակարարվող ծաղիկների մեջ բարձր բուսասանիտարական ռիսկ ունեցող կարանտինային վնասատուների բազմակի հայտնաբերմանը, Հարությունյանը պարզաբանեց՝ այդ մասով ուսումնասիրություններ են տարվում՝ հասկանալու համար, թե որ խմբաքանակների մեջ է եղել.
«Այո, այդտեղ կարանտինային վնասատուների մասին է խոսվում։ Չենք կարող բացառել, որ կարող է խնդիր եղած լինի, եթե հայտնաբերվել են, ուրեմն՝ ինչ-որ խնդիր կա։ Ընդհանուր խնդիրն այս պահին ուսումնասիրվում է, բնականաբար, ռուսական կողմի հետ ևս կքննարկվի, կուսումնասիրվի և ընդհանուր հայտարարի կգանք»։