Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին Նիկոլ Փաշինյանը սովորություն է դարձրել Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա իր ավանդական՝ ձևական ուղերձները զարդարել «օրիգինալ» թեզերով, որոնք, ըստ էության, արդարացնում են նրա արտաքին քաղաքական կուրսը։

Այսպես, անցած տարի նա իր ուղերձին ավելացրեց «զոհի մեղքի» թարմ նոտաներ։ «Այլևս երբեք։ Մենք պետք է սա ասենք ոչ թե ուրիշներին, այլ ինքներս մեզ», – ընդգծում էր նա՝ առաջարկելով խնդրի արմատը փնտրել հենց հայերի վարքում և ազատել Թուրքիային պատասխանատվությունից։

Այնուհետև նա հայ ժողովրդին «հանրային հոգեկան խանգարում» ախտորոշեց՝ Հայոց ցեղասպանության պատճառած հոգեբանական տրավմայի հետևանքով, որն, ըստ նրա, արտահայտվում է որոշ «բարի հարևանների» նկատմամբ ոչ ադեկվատ վերաբերմունքով։ «Մենք հաճախ այլ երկրների հետ մեր հարաբերությունները կառուցում ենք հոգեցնցման վիճակում, և հենց այդ պատճառով երբեմն չենք կարողանում ճիշտ տարանջատել իրողություններն ու գործոնները»,– ասել էր նա։

Պատահական չէ,որ հենց այդ օրերին՝ 2024 թվականի ապրիլի 22-ին, հայտարարվեց սահմանազատման և սահմանագծման գործընթացի մեկնարկի մասին։ Այսպիսով, տարանջատվեցին ոչ թե «իրողություններն ու գործոնները», այլ հենց Հայաստանի տարածքը։ Ուղերձի ավարտին վարչապետն անգամ ակնարկեց, թե իբր իր քաղաքականությունը հավանության է արժանացել ցեղասպանության զոհերի (և ոչ միայն նրանց, այլև իր կառավարման օրոք զոհվածների) կողմից. «Թող Հայոց ցեղասպանության նահատակները և մեր մյուս բոլոր նահատակները հանգիստ լինեն՝ մխիթարված Հայաստանի Հանրապետությամբ»։ Թերևս՝ հենց իշխող ուժի և նրա թուրքամետ կուրսի կողմից մխիթարված։

Այս տարի՝ Ցեղասպանության 110-ամյակի կապակցությամբ ունեցած իր ելույթում Փաշինյանը շարունակեց նույն գիծը։ Ճիշտ է, այս անգամ նա հայ ժողովրդի համար հոգեվերլուծության սեանս չանցկացրեց, փոխարենը հուշեց, թե ինչպես պետք է նշել այս օրը։ Նրա կարծիքով, հայերը պետք է սահմանափակվեն անձնական ցավով և ներքին ապրումներով, իսկ Ցեղասպանության հիշատակն ավելի ճիշտ կլինի «վայելել»՝ բացելով սահմանները հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Փաշինյանի համոզմամբ, սա կլինի հենց այդ նույն հարևանների ձեռքով սպանվածներին՝ «մեր ժողովրդի բոլոր զոհողություններին և զոհերին մեր հավատարմության առհավատչյան»։ Այս ուղերձի աբսուրդայնությունը շատ հստակ ի ցույց է դնում, թե որքան անբնական է իշխանության թուրքամետ կուրսը հայ պատմաքաղաքական իրականության համատեքստում։ Զավեշտալին այն է, որ Փաշինյանի համար Ցեղասպանությունը «իրադարձություններ են, որոնք տեղի են ունեցել Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում»։ Ահա ձեզ ֆոկուս-մոկուս. ինչպես Ցեղասպանության մասին խոսքում օգտագործել «Օսմանյան կայսրություն» արտահայտությունը՝ առանց մեղադրական ենթատեքստի։ Ահա այսպես։

Խոսքը, հարգելիներս, ոչ թե գործող անձի, այլ պարզապես վայրի ու ժամանակահատվածի մասին է։

Փաշինյանը բազմիցս է արտահայտել իր թերահավատությունը Հայոց ցեղասպանության հիշատակի նկատմամբ։ Այս տարվա մարտի սկզբին թուրքական մամուլին տված հարցազրույցում նա հայտարարեց. «Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն այն է, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ներկայում չի հանդիսանում արտաքին քաղաքականության առաջնահերթություն»։ Եվ, իրոք, թուրքական գերակայության ուղեգծով ընթացող իշխանությունների արտաքին քաղաքականության ֆոնին նման առաջնահերթությունը կլիներ գրոտեսկի հասնող։

Իսկ այս տարվա հունվարին Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը գնաց մի քայլ առաջ՝ առաջարկելով վերանայել պատմությունը. «Մենք պետք է վերադառնանք Հայոց ցեղասպանության պատմությանը, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել, ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել»։ Այդ ընթացքում նա ակնարկեց, որ Օսմանյան կայսրության մեղավորությունը հարցականի տակ է, մեղադրանքները հիմնված են «կիսագրագիտության» վրա, իսկ կատարվածը, ամենայն հավանականությամբ, եղել է տեղական քաղաքական խմբերի կամ նույնիսկ անհատների հակամարտություն, որտեղ մեղքի բաժին ունեն նաև «հայկական շարժումները»։

Ստացվում է, որ Ցեղասպանությունը պարզապես «ինքն իրեն է տեղի ունեցել», ինչպես որոշ պրոամերիկյան ճապոնացիների կարծիքով՝ Հիրոսիմայի վրա ռումբն «ինքն իրեն» ընկավ։ Փաշինյանի հռետորաբանությունը կարելի էր ընկալել որպես ստոկհոլմյան սինդրոմի դրսևորում, սակայն խնդիրն այն է, որ նա խոսում է ոչ թե իր անունից, այլ ամբողջ ազգի։

Առաջարկելով նշել Ցեղասպանության տարելիցը՝ որպես միայն անձնական և ընտանեկան ողբերգությունների հիշատակ, Փաշինյանը պատրաստ է գնալ էլ ավելի հեռու։ Պաշտոնական շրջանակներն արդեն մտահոգություն էին հայտնել, որ ավանդական Ջահերով երթը կարող է օգտագործվել սադրանքների և քաղաքական ելույթների համար։

Ով իմանա, գուցե շուտով Փաշինյանը կհայտարարի, որ իբր թե հայ ժողովրդի վերքերը և հոգեկան ապրումները մորմոքելու համար որոշել է ընդհանրապես արգելել Ցեղասպանության հիշատակի օրը նշել երթերով, քանզի, եթե ցավը անձնական ու ընտանեկան է, թող մնա ընտանեկան սեղանի շուրջ։ Նա նույնիսկ դատապարտեց Հանրապետության հրապարակում Թուրքիայի և Ադրբեջանի դրոշների այրման ակցիան, որը տեղի էր ունեցել երթի մեկնարկից առաջ։ Ստացվում է, որ Թուրքիային և Ադրբեջանին հայերից «պաշտպանելը» մտնում է Փաշինյանի քաղաքականության առաջնահերթությունների շրջանակ՝ ի տարբերություն հայ ժողովրդի ողբերգության միջազգային ճանաչման։

Անշուշտ, լավ կլիներ, որ հենց Ցեղասպանության մեղավոր երկիրը այն ընդուներ, զղջար և փոխհատուցում առաջարկեր (ինչպես հետհիտլերյան Գերմանիան)։ Սակայն Հայաստանին ասում են՝ ներիր նրանց, ովքեր ներողություն անգամ չեն խնդրել։

«Բարի» հարևանները մերժում են Ցեղասպանության փաստը։ Էրդողանը իր ապրիլքսանչորսյան ուղերձում խոսում է «օսմանյան հայերի հիշատակի մասին, որոնք զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմի բարդ պայմաններում», ինչպես նաև՝ «զոհվել են ապստամբությունների, ավազակախմբերի ակտիվացման, զինված խմբավորումների հակապետական գործունեության և համաճարակի հետևանքով»։ Այսպիսով, ստացվում է՝ մեղավոր են պատերազմը, ապստամբությունները, ավազակները և համաճարակը։

Ստացվում է՝ Ցեղասպանություն չի եղել։

Ավելին, Էրդողանը հայտարարում է, որ իրենք «հայերին՝ որպես թուրքական հպատակներ», հրավիրում են «կառուցել թուրքական դարը միասին՝ կողք կողքի, կարմիր աստղի և կիսալուսնի խաղաղ դրոշի հովանու տակ»։ Այսպիսով՝ ճանաչման և փոխհատուցման փոխարեն հայերին առաջարկվում է «կառուցել թուրքական դարը»։ Ադրբեջանի առաջնորդն էլ ավելի կոպիտ է արտահայտվում՝ մշտապես խոսելով «հորինված ցեղասպանության» և «կեղծված պատմության» մասին։ Սակայն հենց այս երկու հարևանների դրոշներն են, Փաշինյանի կարծիքով, արժանի պաշտպանության հայերի վիրավորանքներից, իսկ այս երկրների հետ բարեկամությունը (կարդա՝ դրանց շահերին ենթարկվելը) նա անվանում է Ցեղասպանության հիշատակը հարգելու լավագույն տարբերակ։

Զարմանալի է այն պարզամտությունը, որով Փաշինյանը փորձում է բառացիորեն հմայել իր ժողովրդին՝ կոչ անելով մոռացության և Ցեղասպանության վերաիմաստավորման։ Սա շատ նման է իր կնոջ՝ Աննա Հակոբյանի կոչերին՝ մոռանալ 44-օրյա պատերազմի պարտությունն ու զոհերին. «Եկե՛ք վերջ դնենք վշտին, լացին ու ողբին, դատարկ գավաթներին ու կենացներին… Մենք պետք է թաղենք այս ամենը այնպես, ինչպես մայրը թաղեց իր 19-ամյա որդուն», – գրել էր նա՝ կցելով լուսանկար՝ զինվորի գերեզմանի մոտ կանգնած մորից։ Փաշինյանը նույնպես պահանջում է թաղել հիշողությունն ու վիշտը։ Սակայն նման անզգույշ հռետորաբանությունը չի կարող առաջ բերել ո՛չ հաշտություն, ո՛չ ընկալում։ Մայրը երբեք չի դադարի ողբալ իր զոհված որդու համար, իսկ Հայաստանն երբեք չի մոռանա, թե ով է պատասխանատու Ցեղասպանության համար։

Ազգային հիշողությունը հավերժ է։ Ի տարբերություն իշխանության։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

դիտվել է 73 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am