«Դու տղուդ ո՞նց գիտես, մա՛մ ջան, ես երբևէ ինչ-որ բանից խուսափե՞լ եմ, փախե՞լ եմ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայկը գերակտիվ երեխա էր, ամեն հարցում առաջատար էր, լավ ընկեր իր շրջապատի համար: Շատ էր սիրում նկարել, խեցեգործությամբ զբաղվել, դհոլ նվագել անսամբլում, փոքրուց նաև ֆուտբոլով էր տարված, արդեն պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ էր: Դպրոցում սիրված աշակերտ է եղել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Ռուզաննան՝ Հայկի մայրիկը: Նշում է՝ որդին սիրում էր նվեր ստանալ լեգոներ, հետաքրքիր և ուսուցողական կոնստրուկտորներ. «Այնպիսի բաներ, որոնք կզարգացնեին նրա միտքը, կկարողանար կյանքի կոչել իր մտահղացումները: Ոչ թե ինչ-որ խաղ խաղալ, այլ ինչ-որ բան կառուցել: Իր ուսուցիչները, որոնց մոտ տարբեր խմբակների է հաճախել, շատ գոհ էին իրենից: Նկարչական շատ ցուցահանդեսների ենք մասնակցել: Խեցեգործության ուսուցչուհին կին էր, միշտ հիանում էր իրենով: Երևի չորրորդ դասարանում էր, հանձնարարություն էին տվել, նա էլ խնձոր էր պատրաստել՝ որդը ներսից դուրս եկած: Ցեղասպանության թեմայով նկար ունի, կարմիր գույնի ալիքներով ծով է նկարել, իսկ ծովում ծառերից թափված բազմաթիվ խնձորներ են: Բայց իր բոլոր նախասիրությունները մի կողմ դրեց և ֆուտբոլն ընտրեց»:

Հայկը ծնունդով Երևանից է, ընտանիքով բնակվել են Արմավիրի մարզի Մերձավան գյուղում: Նրա հետաքրքրություններն արվեստն ու սպորտն էին, օտար լեզուներից սիրում էր ռուսերենը: Բանակ զորակոչվելուց առաջ ընդունվում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ՝ ֆուտբոլի բաժին: «Սիրում էր իր մասնագիտությունը, շատ լավ մարզիչ կլիներ: Հրաշալի հասկանում էր երեխաների հոգեբանությունը և կարող էր հեշտությամբ աշխատել նրանց հետ: Ընդունվեց բուհ, բայց այդպես էլ ուսանող չդարձավ: Դա ինձ համար մեծ ցավ է: Քննությունները հանձնեց, ընդունվեց, շատ էինք ուրախացել, պետք է վերադառնար բանակից ու շարունակեր ուսումը: Շատ մեծ ծրագրեր ուներ ապագայի հետ կապված: Իր հայրենիքին օգտակար եղավ, բայց իր մնալով ավելին կարող էր անել մեր երկրի համար»:

2021 թ. հուլիսի 27-ին Հայկը զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության: Սկզբում ծառայել է Արմավիրի ուսումնական զորամասում, հետո տեղափոխվել Կապան: Ավագ հրաձիգ էր: «Ես Հայկին ճանապարհել եմ բանակ այն ժամանակ, երբ Կառլենը՝ եղբայրը, դեռ բանակում էր: Կառլենս անցել է պատերազմով, ծառայել «Եղնիկներում»: 40 օր իրենից տեղեկություն չենք ունեցել, հետո եկել է արձակուրդ: Եվ պատկերացրեք, որ այս ապրումներից հետո Հայկին եմ ճանապարհել, պատկերացրեք, թե ինչ եմ ապրել: Մինչև բանակ գնալը Հայկս վթարի ենթարկվեց, ծունկը վնասվեց: Ֆուտբոլի պարապմունքներից, խաղերից հետ էր ընկնում: Իրեն առաջարկեցին, որ կարող է ոտքը բուժել և երեք տարի հետո զորակոչվել բանակ: Բայց Հայկը մերժեց այդ առաջարկը. «Ես իմ հասակակիցների հետ կմեկնեմ ծառայության: Ես պետք է ծառայեմ»: Կարծես ներսում ինչ-որ վրեժ ունենար: Չկարողացանք իրեն համոզել, նա կարողանում էր իր խոսքն առաջ տանել»:

Շատ հետո է մայրիկն իմացել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Հայկն էլ մյուսների հետ օգնություն է հավաքել, պաշտպանիչ ցանցեր գործել ռազմաճակատ ուղարկելու համար: «Մեզ հետո պատմեցին, որ արկղերի վրա գրում էր. «Եղնիկներ, Կառլենին, ապե՛ր, զանգի տուն»»:

Հայկի ծառայությունը շատ լավ է անցել: «Բազմաթիվ պատվոգրեր ունի: Արմավիրում ծառայելու ժամանակ հակագազով վարժություն էին կատարել, ասում էր՝ մա՛մ, ինչ-որ բան սարքին չէր: Պետք է սերժանտի կոչումով տեղափոխվեր Կապան, բայց չստացվեց: Մի տեսակ նեղսրտել էր: Ինձ ասաց. «Սերժանտն ի՞նչ է, ավելի բարձր կոչումով եմ Կապանից տուն գալու»: Հայկին ասացի՝ ինձ համար դա նշանակություն չունի, կարևորը, որ ծառայես ու անվտանգ տուն հասնես»:

2022 թ. սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի սահմանների վրա մի քանի ուղղությամբ: Ռազմական գործողությունների կիզակետում է հայտնվում նաև Հայկը: «Շատ ծանր վիճակում են եղել՝ շրջափակման մեջ: Ես ու ամուսինս տեղյակ չենք եղել, բայց եղբոր հետ խոսելիս ասել է. «Շրջափակման մեջ ենք, հրամանատարական կազմը խոստացել է, որ հրետանի կաշխատի, մեզ այստեղից դուրս կհանեն»: Վերջին անգամ իր հետ խոսել ենք սեպտեմբերի 13-ի առավոտյան՝ ժամը 10-11-ի միջակայքում: Ամբողջ գիշեր մարտնչել է: Իր մոտից եկած տղաներն են ինձ պատմել, որ Հայկն իր դիրքը թողել է, գիշերով գնացել և կողքի դիրքին է օգնել, նորից վերադարձել իր դիրք: Զոհվել է այն դեպքում, երբ շատ հանգիստ կարող էր նահանջել: Իր զենքը ինչ-որ պահի խափանվել է, նորակոչիկի ПК-ն է վերցրել, իսկ իրենց ասել՝ դուք նահանջեք, ձեր փոխարեն կկրակեմ: Այդ տղան փաթաթվել էր ամուսնուս ու ասում էր. «Ձեր տղայի շնորհիվ ենք ողջ մնացել, կարողացանք դուրս գալ, որովհետև Հայկը կրակեց»: Նրանց ասելով՝ Հայկն առաջին զոհն է եղել:

Հայկը դիրքում կռվել է մինչև վերջ, անգամ դիրքից դիրք գնալով: Տղաներն են պատմում՝ դիմում էին հրամանատարությանը, որ գործի դնեն հրետանին, քանի որ թշնամին արդեն իրենց դիրքեր էր հասել»: Հայկը զոհվել է սեպտեմբերի 13-ին Ներքին Հանդի դիրքում: Մոտ մեկ շաբաթ անց տուն «վերադարձել» մեր 32 տղաների հետ: «Սեպտեմբերի 13-ի կեսօրին ամուսինս ու եղբայրս Կապանում էին: Պատմում են՝ Ներքին Հանդում զորք կար, երբ հարցրել են, թե ինչո՞ւ չեն բարձրանում դիրքեր տղաներին օգնելու համար, արձագանքել են՝ հրաման չեն ստացել:

Հայկը դիրքապահ չի եղել: Սեպտեմբերի 12- ին՝ ժամը 8-9-ի կողմերը, Ներքին Հանդի դպրոցից մի քանի տղաների բարձրացրել են դիրքեր՝ իբր ինժեներական աշխատանքների, թողել երեխաներին այդտեղ ու գնացել: Դրանից առաջ Հայկը պատմել էր՝ 20 օր դիրք էին բարձրանում, ամեն ինչ կարգի բերում, բայց հաջորդ անգամ նույն դիրքը չէին գնում, որովհետև այն արդեն հանձնված էր, գնում էին ուրիշ դիրք»: Տղաների զոհվելու հանգամանքների առթիվ քրեական գործ է հարուցված: «Մինչ օրս ոչ մի պատասխան չենք ստացել: Չգիտենք, թե ում տանք մեր հարցերը, իսկ դրանք այնքան շատ են»:

Մայրիկը հիշում է՝ իրենց բարեկամներից մեկը Հայկին ասել էր՝ եթե պատերազմ լինի, նահանջի: «Բայց Հայկն ասում էր. «Չէ, մենք պիտի հող, երկիր պահենք: Ամեն մեկն իր գլուխը պահելով՝ երկիր չի պահում, մա՛մ ջան: Դու տղուդ ո՞նց գիտես, ես երբևէ ինչ-որ բանից խուսափե՞լ եմ, փախե՞լ եմ»: Հայկը մնաց իր համոզմունքին, որ պետք է հողը պահի: Պայքարող տեսակ էր: Եթե բակում անհավասար կռիվ լիներ, նա չէր վախենում, այդ կռվի կենտրոնում էր: Դասղեկն է պատմում՝ կարող էր ուրիշ աշակերտի համար վիճել ուսուցիչներից ինչ-որ մեկի հետ. «Ընկեր Գրիգորյան, ճիշտը պետք է անցնի»: Նա ճշտի մարտիկ էր: Դրա համար նաև հարգանք էր վայելում շրջապատում: Հանուն ընկերոջ, փոքր ու մեծի ոչինչ չէր խնայում: Նույն հարգանքը նաև ծառայության ժամանակ է վաստակել: Իր գունդը, ծառայակից ընկերներն ասում են՝ նա ավելի բարձր մեդալների է արժանի: Դիմեցինք պաշտպանության նախարարությանը, որտեղից մեզ շնորհակալություն հայտնեցին, բայց պատասխանը կարող եմ մի քանի բառով այսպես ձևակերպել՝ ինչ տվել ենք, դա է»:

Ապրելու ուժի մասին: «Կառլենն է ինձ ուժ տալիս, նա իմ մոտիվացիան է: Իմ միակ ուժն ու հույսն իմ Կառլենն է, իր մեջ Հայկին էլ եմ տեսնում: Ինձ համար Հայկը կա: Հայկին ուրիշ տեղ չեմ կարողանում տեսնել: Իմ ենթագիտակցության մեջ Հայկս դեռ Ներքին Հանդում է: Եթե հակառակի մասին մտածեմ, կարող եմ խելագարվել»:

Հ. Գ. - Հայկ Հակոբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» և «Մարտական հերթապահություն» մեդալներով: Հուղարկավորված է Մերձավանի գերեզմանատանը՝ տատիկի ու պապիկի կողքին:

դիտվել է 256 անգամ
Լրահոս
Նիկոլին մի հավատացեք,նայեք եւ համոզվեք Գառնիկ Դանիելյանը ՔՊ-ի կողմից Հոխիկյանի տան վրա հարձակման մասին Մեծ Մանթաշ գյուղում տուն է այրվել. բնակիչը մահացած է հայտնաբերվել Դուրս է բերվել Սուրբ Էջմիածնում պահվող Քրիստոսի Խաչափայտի (Կենաց Փայտի) մասունքը Հերթական ճանաչումը Միլանում. Մխիթարյանը կպայքարի Ինտերի լավագույնի կոչման համար Իմ կոշտ ռեպլիկը հասցեագրված է բացառապես ՔՊ-ին․ Սուրենյանց Հերթական սուտ խոստումը. Արթուր Խաչատրյանը` Փաշինյանի` երկաթուղու նոր ճյուղ կառուցելու մասին Նաիրի Հոխիկյան. «Իմ տան վրա հարձակում է եղել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից» Ընտրություններին ընդառաջ թարմ թխած ընտրակաշառք ենք ստացել. Ավետիք Քերոբյան Տյումե՞ն, Կիլիկիա՞, list.am՞ թե ՀՀ, հունիսի 7-ին ընտրություն ենք կատարելու այս չորս սցենարների մեջ Հայրապետիս հորդորն է ամենքիդ՝ անխտիր առաջիկա կիրակի մասնակցել ընտրություններին․ Կաթողիկոս Հայաստանում կարող է բարդ իրավիճակ ստեղծվել գազի հետ կապված․ Օվերչուկ «Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am