Ահաբեկչություն. Եգիպտոսի նախագահը հետաձգել է այցն Օման
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հետաձգել է պաշտոնական այցը Օման, որը պետք է սկսվեր կիրակի՝ նոյեմբերի 26-ին՝ կապված Սինայի թերակղզու իրադարձությունների հետ, որտեղ ահաբեկչության հետեւանքով մզկիթում առավել քան 300 մարդ է զոհվել եւ եւս 130 –ը վիրավորվել, որոնց թվում նաեւ ծերեր ու երեխաներ, փոխանցում է եգիպտական «Ալ Ահրամ» պարբերականը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նախագահը հանձնարարել է նաև ստեղծել հուշակոթող՝ ի հիշատակ մզկիթում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի: Եգիպտոսում եռօրյա սուգ է հայտարարված: Հաղորդվում է, որ հարձակվողները 25-30 հոգի են եղել: Նրանք հինգ մեքենաներով մոտեցել են մզկիթին, հագին ունեցել են զինվորականին նմանվող հագուստ: Զինյալները դիրքավորվել են մզկիթի շուրջ՝ նաեւ դռների ու լուսամուտներին, եւ ավտոմատ զինատեսակներից կրակ են բացել աղոթող մարդկանց ուղղությամբ:
