Խորհրդարանում նոր սկանդալ է հասունանում. 18 պատգամավոր տուգանվել է. ովքեր են նրանք (լուսանկարներ)

Խորհրդարանում նոր սկանդալ է հասունանում. ԱԺ ղեկավարությունը որոշել է խստություն ցուցաբերել և ԱԺ նիստերից անհարգելի բացակայած պատգամավորներին պատժել՝ աշխատավարձերից պահումներ կատարելով: Սա, բնականաբար, դուր չի եկել պատգամավորներին: Ու հիմա նրանք խորհրդարանի միջանցքներում չեն թաքցնում իրենց դժգոհությունը՝ պնդելով, որ որոշ դեպքերում այդ բացակայություններն անհարգելի են համարվել հանիրավի: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ հանրային կապերի վարչությունից տեղեկացրել են, որ խորհրդարանի աշնանային նստաշրջանում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նիստերից անհարգելի բացակայել է 18 պատգամավոր: Ամենաշատն անհարգելի բացակայել է «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ 11 անգամ, ինչի պատճառով նրա աշխատավարձից պահվել է 252 հազար դրամ: ԱԺ նիստերից 6 անգամ բացակայել է նույն խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանը, ում աշխատավարձից էլ պահվել է 133 հազար 900 դրամ:   Անհարգելի բացակայությունների՝ թվով երրորդ տեղում է ՀՀԿ-ական Միհրան Պողոսյանը՝ ԴԱՀԿ նախկին պետ Քեթրինի Միհրանը, 4 անհարգելի բացակայության համար նրա աշխատավարձից պահվել է 89 հազար 990 դրամ: 3 անգամ անհարգելի բացակայել է ՀՀԿ-ական Հակոբ Բեգլարյանը՝ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը, նրա աշխատավարձից պահվել է 73 հազար 580 դրամ:   Մյուս պատգամավորները բացակայել են 1-2 անգամ: Ըստ ԱԺ ներկայացրած տեղեկանքի՝ «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի երկու բացակայությունների համար աշխատավարձից պահվել է 42 հազար դրամ, այս խմբակցության պատգամավոր, աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Գևորգ Պետրոսյանի աշխատավարձից երկու բացակայության համար պահվել է 44 հազար 590 դրամ, այդ խմբակցությունից Արթուր Մանուկյանի՝ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու աշխատավարձից երկու բացակայության համար պահվել է 41 հազար 820 դրամ, ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի երկու բացակայություններն արժեցել են 48 հազար 380 դրամ:   Իսկ ահա «Ծառուկյան» խմբակցությունից Արգամ Աբրահամյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդին, ՀՀԿ-ականներ գեներալ Մանվել Գրիգորյանը, Սամվել Ալեքսանյանը, Կարեն Կարապետյանը, Արկադի Համբարձումյանը, Ռոբերտ Սարգսյանը, Արթուր Գևորգյանը, Շուշան Պետրոսյանը և ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանն էլ անհարգելի բացակայել են մեկական անգամ, և աշխատավարձերից պահվել է 22-24 հազար դրամ:   Ի դեպ, մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից նաև տեղեկացրել են, որ «ՀՀ ԱԺ պատգամավորներ Վահե Էնֆիաջյանը, Գևորգ Պետրոսյանը ՀՀ ԱԺ նիստերից բացակայությունները հարգելի համարելու վերաբերյալ տեղեկանքներ են ներկայացրել նոյեմբերի 15-ին, իսկ Գագիկ Ծառուկյանը՝ նոյեմբերի 16-ին: Տեղեկանքները քննարկման փուլում են»:   «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներից Գևորգ Պետրոսյանը նշեց, թե իր և Վահե Էնֆիաջյանի բացակայություններն անհարգելի չեն, քանի որ այդ օրերին նրանք մեկնել են Սյունիքի մարզ, հանդիպել Սիսիանի տարածաշրջանի գյուղերի բնակիչների հետ, ու քանի որ նույն օրը չեն կարողացել վերադառնալ, ստիպված են եղել գիշերել այնտեղ՝ երկու օր բացակայելով ԱԺ նիստերից: «Բայց մենք զբաղված ենք եղել մեր կարգավիճակից բխող գործողություններով, այլ ոչ թե ինչ-որ ուրիշ գործերով:   Բայց, դե, ԱԺ ղեկավարությունն անհարգելի է համարել մեր բացականերն ու նման որոշում է կայացրել: Չնայած, ասենք, որ մենք միջնորդություն ենք ներկայացրել մեր բացակաները հարգելի համարելու վերաբերյալ: Դեռևս պատասխան չենք ստացել»,- ասաց Պետրոսյանը: Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ամենաշատը հենց «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն են անհարգելի բացակայել, Պետրոսյանը մեկնաբանեց. «Պատգամավորի կարգավիճակը ներառում է ոչ միայն ԱԺ լիագումար նիստերի մասնակցություն, այլև ժողովրդի հետ հանդիպումներ, նրանց խնդիրներով զբաղվելը: Համենայն դեպս, նորից եմ ասում՝ միջնորդել ենք, որպեսզի մեր բացակաները հարգելի ճանաչվեն»: Ի դեպ, նշենք նաև, որ ԱԺ կանոնակարգ օրենքի 156-րդ հոդվածը հնարավորություն է տալիս քվեարկությունների կեսից ավելին անհարգելի բացակայած պատգամավորների լիազորությունները վաղաժամ դադարեցնել: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի՝ «Յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայելու դեպքում պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով սույն հոդվածով սահմանված կարգով Սահմանադրական դատարան է դիմում ԱԺ խորհուրդը, ինչպես նաև կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը»: Օրենքի 4-րդ կետում էլ նշված է. «Եթե տեղեկանքի համաձայն պատգամավորը նախորդ օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից անհարգելի բացակայել է, ապա ԱԺ նախագահը տեղեկանքը ստանալուց հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, հրավիրում է խորհրդի նիստ՝ պատգամավորի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցով և անհապաղ գրավոր տեղեկացնում է պատգամավորին»: Մանրամասները՝ այստեղ.

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Պայմանագրային զինծառայողի հարցերը Փաշինյանը տեղում լուծեց Մեկ օր գալու է այն օրը, որ ծանր սրտով ու ամոթով չենք դիմավորելու Մայիսի 9-ի տոնը. Բեգլարյան Երբ դավաճանն ասում է, որ Արցախյան շարժումը սխալ էր, նշանակում է զինվորին տարել է զոհել, որ հանձնի. Իշխանյան Պարենի համաշխարհային գներն աճում են արդեն երրորդ ամիսն անընդմեջ Պետք է ուժեղացնենք մեր երկիրը, ներկայացնում ենք ծրագիր, որը մեր երկիրը փոխելու է․ Կարապետյանը՝ Սիսիանում Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան Իրանը վերսկսել է թռիչքները Իրաք Կիևի ռեժիմը երբեք պայմանագրաունակ չի եղել․ Լավրով «Իրանի ծովային շրջափակումը շարունակվում է ամբողջ ուժով». CENTCOM Արտաշատում վրաերթի են ենթարկել 6-ամյա աղջնակի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Գորիս-Լծեն ավտոճանապարհին բեռնատարներ են բախվել 3 օտարերկրացիներ Արմավիրում փորձել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց իրացնել Իշխանական քարոզչամեքենան ստում է, հանրահավաքի վայրից ոչ մի անձ բերման չի ենթարկվել. «Ուժեղ Հայաստան» Հռոմում ձերբակալել են Ուզբեկստանում Իտալիայի նախկին դեսպանին՝ ռուսներին անօրինական վիզաներ տրամադրելու համար Հունգարիայում սկսել է գործել նոր խորհրդարանը. խորհրդարանի շենքի վրա կրկին բարձրացվել է ԵՄ դրոշը Իրանը երկամսյա դադարից հետո վերսկսել է Մեշհեդ-Բաղդադ ավիաչվերթը ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչների այցը Մոսկվա դեռ չի նախապատրաստվում․ Պեսկով Եվրոպան ցանկանում է աշխատել ՆԱՏՕ-ի պահպանման ուղղությամբ՝ չնայած Իրանի հարցում առկա տարաձայնություններին. Մերց Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը Լրանում է բուհերի ընդունելության քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ ԳԹԿ Զելենսկին ու Կոշտան քննարկել են Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցության հետագա քայլերը «Ապագայի հանդեպ վստահությամբ ենք ուղղելու հայի մեջքը, հզորացնելու մեր հայրենիքը»․ Ռոբերտ Քոչարյան Կրեմլը հույս ունի, որ Թրամփը «կարգի կհրավիրի» Ուկրաինային հրադադարի պահպանման հարցում Toyota-ն վրաերթի է ենթարկել երեխայի, ապա՝ բախվել խանութի ցուցափեղկին․ 2 վիրավոր կա Գյուղացու աշխատանքը պետք է գնահատված լինի. Նարեկ Կարապետյանը` Տափերականում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am