Սաուդյան Արաբիայում հաջի ընթացքում հրմշտոցից խուսափելու միջոց են գտել
Սաուդյան Արաբիայում մասնագետները մշակել են ինտելեկտուալ համակարգ, որը հնարավորություն է տալիս վերահսկել ուխտավորների շարժը հաջի ժամանակ Մեքքայի Արգելված մզկիթում և այդպիսով կանխել հրմշտոցի առաջացման հնարավորությունը: Այս մասին հայտնում է Arab News պորտալը:«Race համակարգը մաս է կազմում հաջի եւ ումրայի (փոքր հաջ) ընթացքում ուխտավորների անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված որոշումներին: Ինտելեկտուալ նոր համակարգն իրենից կներկայացնի ինտերակտիվ էլեկտրոնային հարթակ, որը 50 տեսախցիկից ստացված տվյալների հիման վրա կներկայացնի Արգելված մզկիթում ուխտավորների շարժումն արտացոլող պատկերը», — ասել է հաջի եւ ումրայի անվտանգության ապահովման պետական տնօրինության ներկայացուցիչ գնդապետ Բադր բեն Սաուդը, որի խոսքերն են մեջբերում ԶԼՄ-ները: Նա նշել է, որ այդ համակարգը մզկիթի անվտանգության ծառայությանը հնարավորություն կտա «կարգավորել ուխտավորների շարժը» և խուսափել հրմշտոցի առաջացումից մզկիթի ցանկացած կետում, որը վերակառուցումից հետո կտեղավորի 2,2 մլն մարդու:
