Թուրքիան ռազմական հենակետեր է տեղակայում սիրիական սահմանին. տեսանյութ
Հեռուստաընկերության նկարահանող խումբը արգելափակվել է սիրիական Քոբանի քաղաքում այն ժամանակ, երբ «Իսլամական պետության» զինյալները ԻՄ «մայրաքաղաք» համարվող Ռաքքա քաղաքի և թուրքական սահմանի ուղղություներով հարձակվել են հարևան Էթ-թել ալ Աբյադ քաղաքի վրա հայտնում է panorama.am-ը: Մասնավորապես հաջողվել է նկարահանել Թուրքական զինուժի կողմից հենց Սիրիայի սահմանի վրա ռազմական հենակետերի կահավորման գործընթացը: Հենց այստեղ է, ըստ հեռուստաընկերության, պահեստավորվում զինամթերքը: Աղբյուրը նշում է, որ Սիրիայի քրդերի զորամիավորումների ներկայացուցիչները բազմիցս ահազանգել են այն մասին, որ Թուրքիայի զինված ուժերը ներխուժել են Սիրիայի տարածք և Աֆրին ու Քոբանի քաղաքների միջև ընկած 98 կմ երկարությամբ հատվածի վրա տեղաշարժում են միջպետական սահմանը: Թուրք-սիրիական սահմանի վրա տեղակայված Քոբանի քաղաքը 2014թ. վերջից գտնվում էր «ԻՊ» զինյալների կողմից շրջափակման մեջ: Այժմ գրեթե լիովին քանդված քաղաքը անցել է Սիրիայի քրդերի «Դեմոկրատական դաշինք» կառույցի ռազմական թևի վերահսկողության տակ: Վերջիններին Թուրքիան դիտարկում է որպես Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապված ահաբեկիչներ: «РЕН ТВ» հեռուստաընկերության թղթակիցը հաղորդել է, որ Էթ-թել ալ Աբյադ քաղաքի մոտակայքում դեռևս շարունակվում են քրդական զորամիավորումների և «ԻՊ» զինյալների միջև բախումները:
