«Երբ իշխանությունը փոխվի, «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանում անցկացվող COP29 համաժողովն առիթ էր Բաքվում պահվող մեր ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին բարձրաձայնելու համար: Քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանն ասում է՝ եթե դիտարկենք, թե ինչ ճանապարհ է անցել գերիների վերադարձի հարցը, կտեսնենք, որ այդտեղ թելադրողը եղել է ադրբեջանական կողմը:

«Կնքվեց եռակողմ հայտարարությունը, պետք է գերիները «բոլորը բոլորի դիմաց» վերադարձվեին: Այդպես չեղավ: Բաքուն ասում է, որ գերիները, որոնց իրենք չեն վերադարձնում, գերեվարվել են եռակողմ հայտարարությունից հետո: Բայց այդպես չէ, կան մարդիկ, որոնք գերեվարվել են պատերազմի ընթացքում: Ալ յոշա Խոսրովյանը և Լյուդվիգ Մկրտչյանը գերեվարվել են հոկտեմբերին, դատապարտվել են ազատազրկման, քանի որ, ըստ ադրբեջանական կողմի, իրենք «ռազմական հանցագործներ» են, իբր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ կտտանքներ են կիրառել և այլն: Բայց եռակողմ հայտարարությունը չէր ասում, որ կա գերիների տարբերակում, «բոլորը բոլորի դիմաց» պետք է վերադառնային տուն: Երբ իշխանությունը փոխվի, երևի «հերձումը» ցույց կտա, թե ինչո՞ւ էր Հայաստանի իշխանությունը լոյալ վերաբերվում Բաքվի կապրիզներին, որ ում կցանկանան, բաց կթողնեն, ում չեն ցանկանա՝ չեն թողնի: Տրամաբանական պատասխան այս հարցին չկա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մարգարյանը:

Վերհիշում է՝ երբ անցած տարի Ադրբեջանն «ազատ արձակեց» գյումրեցի գերիներին, դա եղավ հենց Ադրբեջանի պայմանով, որ Հայաստանը կողմ լինի Բաքվում COP29 համաժողովի անցկացմանը: «Պետք է միաձայնությամբ որոշվեր, թե որտեղ է անցկացվելու համաժողովը: Հայաստանն իր վետոյի իրավունքից հրաժարվեց, համաձայնեց, որ միջոցառումն անցկացվի Բաքվում: Բաքվին դա պետք էր, որ ամբողջ աշխարհին ցույց տա, թե ինչպես է Ադրբեջանը զարգանում, մեղադրանքներ հնչեցնի Հայաստանի հասցեին և, այսպես ասած, Ղարաբաղի հարցը «ջրի»: Այս պայմանով 32 գերի վերադարձավ հայրենիք: Ի դեպ, նրանց գերության մեջ հայտնվելն էլ խիստ անհասկանալի էր: Արայիկ Հարությունյանն ասում էր՝ հայկական քարտեզներն ադրբեջանական քարտեզների հետ չէին համապատասխանում, Խծաբերդի կողմերում տղաներին գերի վերցրեցին: Նրանց տարան այնտեղ, ադրբեջանցիներն ասացին՝ չէ, սա մեր տարածքն է, գերի վերցրեցին: Նրանք նույնիսկ պատերազմական գործողությունների չէին մասնակցում, «անմեղ գերիներ» էին, որոնք վերջին պահին՝ պատերազմից հետո բերվեցին մի տեղ, որը հայկական կողմը մտածում էր՝ իրենն է, ադրբեջանցիներն ասում էին՝ ոչ, մերն է, ու գերի վերցրեցին տղաներին: Էլի ինչ-որ կապրիզի, առանց հիմքի գործողության հետ գործ ունենք»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ այս փուլում, բացի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունից, Բաքվում էլի գերիներ ունենք: «Մարդիկ կան, որոնց արդեն դատել են ամենատարբեր մեղադրանքներով: Բաքվի քմահաճույքն է, կցանկանան՝ կհամարեն գերի, կցանկանան՝ կհամարեն հանցագործ:Իսկ ի՞նչ է անում Հայաստանի իշխանությունը: Նա պաշտոնապես չի բարձրացնում գերիների հարցը, փորձում է բոլորին համոզել, որ ինքը չի բարձրացնում, բայց «տակից» ինչ-որ աշխատանք են անում, և դրսից ինչ-որ ուժեր բարձրացնում են այդ հարցը: Եթե վախենում են Ադրբեջանի ինչ-ինչ ռեակցիաներից, կարող են դիվանագիտական տարբերակներով այս հարցերի մասին խոսել, այն պետք է լինի մեր օրակարգում, և պարբերաբար այս մասին խոսվի, որպեսզի աշխարհն իմանա, որ շահագրգռվածություն կա: Վերջերս մի արտահոսք եղավ, որն իշխանությունները չհերքեցին: Կազանում, երբ հանդիպել են Փաշինյանն ու Ալիևը, գերիների հարցը բարձրացվել է: Ալիևը Փաշինյանին հեգնանքով հարցրել է՝ բա Ռուբեն Վարդանյանի հարցը ինչո՞ւ չեք դնում, Փաշինյանն արձագանքել է՝ չենք դնում, որովհետև գիտենք, որ բաց չեք թողնի: Ալիևն էլ իր հերթին ասել է՝ ուրիշ երկրից դնում են, ակնարկելով Ռուսաստանին: Հայաստանի իշխանությունը պետք է հանրայնորեն հստակ դիրքորոշում արտահայտի, որ մնացածին էլ հեշտ լինի պաշտպանել այդ հարցը: Խորհրդարանում օրերս չընդունեցին գերիների հարցով հայտարարությունը: Զավեշտալի մեղադրանքներ էին հնչում: Ինչպես Արմեն Ռուստամյանն ասաց` ընդդիմությանը մեղադրում են, որ նա չի ուզում գերիների հարցը լուծվի այն պարագայում, երբ ընդդիմադիր պատգամավորի՝ Գեղամ Մանուկյանի եղբայրը՝ Դավիթ Մանուկյանը, գերեվարված է»,-հավելում է քաղաքական վերլուծաբանը:

Գործող իշխանությունների տարբեր հայտարարություններ ոչ այնքան զարմացնում են, որքան զգացողություն փոխանցում, թե որքան դժվար է լինելու իշխանափոխությունից հետո իրադարձությունների անիվը հետ պտտել և հօգուտ մեր պետության ինչ-որ բան անել: Արտաքին քաղաքականությունը ձևավորող գերատեսչության ղեկավարն ասում է՝ Արցախյան հիմնահարցը, Ցեղասպանության ճանաչման հարցը մեր օրակարգի առաջնահերթություններից չեն: «Երբ իշխանությունը փոխվեց, այդ ամբողջը հետ պտտելը շատ դժվար է լինելու, հաջորդ իշխանությունը շատ մեծ խնդիրների է բախվելու: Այս իշխանություններին բնորոշ մի բան կա այս խաղաղասեր ձևանալու պրոցեսի մեջ՝ իրենց խոսքերը չեն ընտրում: Դա երևի Նիկոլ Փաշինյանից անցել է բոլորին: Ինչ-որ բան են ասում, հետո փոշմանում են, կես քայլ այս ու այն կողմ են անում: Ազգային ժողովում արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը մի քիչ սրբագրեց Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ իբր նա նկատի է ունեցել, որ այս պահին այդ հարցերն առաջնահերթ չեն, այլ ոչ թե ընդհանրապես չկան:

Իշխանությունները դեմ չեն, որ այս հարցերով զբաղվի Սփյուռքը, բայց այնպես զբաղվի, որ իրենց վրա ստվեր չընկնի, օրինակ՝ Էրդողանի հետ խոսելիս ասեն, որ իրենք որևէ բանի հետ կապ չունեն, դաշնակները և մյուսներն են բարձրացնում այդ հարցերը: Սփյուռքում այս հարցերով զբաղվող հին կառույցները հասկանում են, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչպիսի դիրքորոշում ունի իշխանությունը և նմանատիպ հայտարարություններից թևաթափ չեն լինի ու կշարունակեն այս հարցերը բարձրացնել: Բայց, իհարկե, այդ ամբողջը մթնոլորտ է ստեղծում և ազդում է մարդկանց վրա ու անհետևանք չի մնում: Մարդկանց մեջ հոգեբանություն է ձևավորվում, փոփոխություններ են կատարվում, հետո դժվար է լինելու այդ ամենը վերականգնել, երբ ոտքի կանգնենք:

Մեր պատմությունը ցույց է տվել, որ երբ Հայաստանն այս բոլոր հարցերը բարձրացնում էր, մի քանի անգամ ավելի ապահով վիճակում էր, քան հիմա, երբ ոչ մի հարց չի բարձրացնում, ասում է՝ ամենախաղաղասերն եմ: Հայաստանի դիրքերն ամենաուժեղն են եղել այն ժամանակ, երբ կոնկրետ հարցադրումներ են եղել թե՛ Ցեղասպանության, թե՛ Արցախի հարցում: Այն ժամանակ դաշնակիցներ ենք ունեցել: Իսկ հիմա, երբ ոչ մեկից ոչինչ չես պահանջում, դաշնակիցն ի՞նչն ես անում, նա ի՞նչը պաշտպանի: «Խաղաղության օրակա՞րգը», որը Նիկոլ Փաշինյանը բոլորին ցույց է տալիս, չգիտես էլ, թե ինչու: Ասենք, Սլովակիայի վարչապետն ի՞նչ գործ ունի այս ամենի հետ: Ամեն ինչ շոուի է վերածվել ու ձևի, բովանդակություն չկա: «Նախկինները» չասելով իրագործում էին «Արցախը Հայաստան է և վերջ» գաղափարը, իսկ Նիկոլն արեց հակառակը՝ սկսեց խոսել, բայց արդյունքն էլ տեսանք, թե ինչ եղավ»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

դիտվել է 162 անգամ
Լրահոս
Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է բանակի թվաքանակը մեծացնելու ցանկության մասին ԱՄՆ-ն առաջընթաց է գրանցում թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ հարաբերություններում. Ջեյ Դի Վենս Լոնդոնի և Փարիզի` Կիևին միջուկային զենքի հարցում օգնելու ծրագրերը մանիպուլյացիա են. Զախարովա Գերմանիան պահանջում է Իրանից կառուցողական քայլեր` խաղաղության պահպանման համար ԱԳՆ-ն չի հերքում, որ Միրզոյանը Բրյուսել նամակ է գրել՝ խնդրելով արագ արձագանքման խումբ ուղարկել Երևան. «Փաստինֆո» Երևանում մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Հայաստանը ջրի պակաս չունի. Այն, որ անցնում են ջրամատակարարման 17–ժամյա ռեժիմի, վատ կառավարման արդյունք է. երկրաբան Ադրբեջանից նավթամթերքի հերթական խմբաքանակն է առաքվում Հայաստան ՀԷՑ-ը խլվեց և զրկվեց լիցենզիայից, իսկ Վեոլիան շարունակում է իր լիցենզավորված գործունեությունը. Դավիթ Ղազինյան Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցել կամ պատասխանել սպառնալիքներին․ Իրանի խորհրդարանի նախագահ Վրաստանում կկայանա Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան 7-ր համաժողովը Հանցավոր գործունեությամբ զբաղվող խումբ է բացահայտվել․ չորս անձ ձերբակալվել է Փաշինյանն այսօր առավոտյան տեսավ մեծ վտանգը. Նարեկ Կարապետյան․ video Աշոտյանի պատասխանը չուշացավ․ Ընկեր Աղվան, սա ընդունիր որպես աքսիոմ Աշոտյան, սուտ է և ազնիվ չէ. Աղվան Վարդանյան Օդի ջերմաստիճանի նվազումը ուղեկցվում է սուր շնչառական վարակներով հիվանդացության մակարդակի աճով Թույլ չենք տա. Կոբախիձե «Թույլատրվո՞ւմ է Ս․ Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ» Լարված իրավիճակ՝ «33» գազաբենզալցակայանի շահագործման շուրջ Լավ լսե՛ք՝ Փաշինյանը մեր թոշակառուների քթից բերելու է․ Գառնիկ Դանիելյան (video) Դու 50 հազարով կապրեի՞ր․․․ մենակ ուտելիք եմ կարողանում առնել, էդ էլ թանկանում է․ թոշակառու (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Փետրվարի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am