Բրնձողները....

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայերենում այդպիսի մի բառ կա՝ «բրնձել»: Դասական առումով այն նշանակում է՝ որևէ բան լավ չանել, չկարողանալ կամ ուղղակիորեն՝ վատ անել որևէ բան: Ժամանակակից խոսակցական հայերենում «բրնձելը», սովորաբար, գործածվում է այլ իմաստով: Երբ որևէ մեկը անիմաստ, անբովանդակ խոսում է, ստերի շարք է շարանում, պարզապես դատարկախոսում է, ահա այդ ամենը հակիրճ բնորոշելու համար ասում են՝ «բրնձել»: Այնպիսի կայուն տպավորություն է, որ իրենց պաշտոնական պարտականությունները դասական առումով «բրնձելուց» զատ, Փաշինյանն ու նրա իշխանության ներկայացուցիչները մրցակցության մեջ են, թե նրանցից որ մեկը ավելի սաստիկ «կբրնձի», բայց արդեն նաև՝ խոսակցականի առումով:

Այլևայլ կարկառուն քպականները միգուցե սրտնեղեն, բայց հոգ չէ, իրենք էլ հաստատ գիտեն, որ Նիկոլ Փաշինյանը այդ առումով մրցակցությունից դուրս է: Եվ անցած շաբաթավերջի նրա ելույթները դրա անմիջական վկայությունն են, ինչպես ասվում է՝ միանշանակ ու աներկբա: Նախ՝ Փաշինյանը ելույթ ունեցավ իր իսկ հորինած «Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում, որտեղ մասնավորաբար հայտարարեց, թե բանակն ամենևին էլ առաջնային դեր չունի երկրի անվտանգության ապահովման գործում: Մինչև այդ էլ Քննչական կոմիտեում ելույթ էր ունեցել ու հայտարարել, թե... (բռնվեք) Հայաստանում այլևս «գործ կարելու» երևույթը չկա: Այս հայտարարությունը կարող է մրցել նույն հեղինակի՝ «կոռուպցիան հաղթահարված է» և նմանօրինակ այլ պնդումների հետ, որոնք իրականության հետ ոչ մի աղերս չունեն:

Հետո էլ տեղեկություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը «Որտեղ հաց, այնտեղ կաց. Հայաստանի Հանրապետության սոցիալ-հոգեբանությունը» խորագրով բանախոսություն է ունեցել ՔՊ ժողովրդավարության դպրոցում: Այս պաշտոնական տեղեկություննախադասության մեջ հրաշափայլ ու զմայլագեղ է գրեթե ցանկացած բառակապակցություն: Նախ՝ «որտեղ հաց, այնտեղ կաց»-ը Նիկոլ Փաշինյանը բարձրացրել է պետական, պաշտոնական գաղափարախոսության աստիճանի, ինչն արդեն ողբերգություն է կամ ողբերգության նախերգանք: Երկրորդ՝ պարզվում է, որ բացարձակ բռնատիրական ու անձնիշխանական ՔՊ-Փաշինյանի կազմակերպությունը «ժողովրդավարության դպրոց» ունի:

Կարելի է միգուցե մեջբերումներ անել Փաշինյանի այդ «բանախոսությունից», օրինակ՝ քրտնելու վերաբերյալ, բայց դա չենք անի՝ խնայելով ընթերցողների առողջությունն ու հարգելով մեր կրթությունն ու դաստիարակությունը: Առհասարակ, Փաշինյանի ու նրա իշխանությունը ներկայացնող այլևայլ «նիկոլփաշինյանների» այդօրինակ «բրնձումների» առնչությամբ առիթ ունեցել ենք նկատելու, որ նման «ուշագրավ» հայտարարությունները, որպես կանոն, արվում են հենց ուշադրություն ու լրահոս գրավելու նպատակով: Դրանք արվում են ոչ թե վերլուծելու, քննադատելու, այլ ուղղակիորեն հենց լրահոս գրավելու, դրանց շուրջ քննարկումներ ծավալելու, թեկուզ ծաղրելու գնով միայն դրանց մասին խոսելու և առանցքային հարցերից ու հարցադրումներից հնարավորինս շեղելու նպատակով: Ի դեպ, հացի մասին:

Զարմանալի է, բայց Փաշինյանն իր բանախոսությունը չէր համաձայնեցրել իր իսկ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի նորաթեզի (ողորմի Օրուելին) հետ, որը վերջինս հնչեցրեց նույն «խաչմերուկային» համաժողովում: Հանգստյան օրերին շատերը սոցցանցերում հնարավորինս ծաղրեցին այդ «թեզը», բայց խնդիրը շատ ավելի վտանգավոր է, քան կարող է թվալ: Արմեն Գրիգորյանի ասածը, եթե հակիրճ վերապատմենք, այն է, որ եթե հաց (ցորեն) չլինի, ապա բրինձ կուտենք: Ո՞րն է հարցը: Հարցն այն է, որ Հայաստանը ցորենի առումով այլևս ինքնաբավ չէ: Երբ Արցախն այս իշխանությունները դեռ չէին հանձնել թշնամուն, Հայաստանը «ձգում» էր ցորենային ինքնաբավության, թեպետ էլի ներկրում էր նշված ռազմավարական հացահատիկը: Իսկ ցորեն Հայաստանը ներկրում է գերազանցապես Ռուսաստանից:

Ու քանի որ Թուրքիայի հետ բարեկամանալու «գիծը բռնած» Արմեն Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանը բանը տանում են հայ-ռուսական հարաբերությունների խզման, նշանակում է, որ ցորենից էլ պիտի հրաժարվել: Գտել են հանճարեղ լուծում՝ ցորենը կփոխարինեն բրնձով: Իհարկե, լռում են այն մասին, որ բրինձը Հայաստանն ընդհանրապես ամբողջովին է ներմուծում: Գուցե ֆուտբոլային խաղադաշտերո՞ւմ է փաշինյանական իշխանությունը բրինձ աճեցնելու (միևնույնն է, ֆուտբոլում արդյունքներ չկան), բայց ավելի շուտ, բնականաբար, ներմուծելու են: Որտեղի՞ց: Գուցե Պակիստանի՞ց: Չէ՞ որ այս իշխանության «պապաները» չեն թողնի, որ Իրանից կամ Չինաստանից բրինձ ներկրեն: Իսկ Պակիստանը, որ մշտապես ՀՀ-ի հանդեպ թշնամական է դիրքավորվել, իսկն է: Հա, և Արմեն Գրիգորյանը՝ Փաշինյանի «անվտանգության խորհրդի քարտուղարը», հայտարարում է նաև. «Հարձակման դեպքում ՀՀ-ն ամեն ինչ անելու է, որ պաշտպանվի. կարողություն ենք ձեռք բերում՝ կազմակերպելու պաշտպանությունը»: Այստեղ կարևոր է, թե ով է նման հայտարարություն անում: Իսկ դա անում է ներկայացուցիչը մի իշխանության, որ ձեռքի տակ ունեցել է բացարձակապես բոլոր կարողությունները (դաշնակիցներ, արտաքին-քաղաքական կապեր, մասնագիտական մարդկային ներուժ, սպառազինություն, կարողունակ բանակ, նոր ռազմատեխնիկայի ձեռքբերման՝ նախորդից եկած պայմանավորվածություններ, նպաստավոր ռազմատեխնիկական դիրքավորում և այլն), բայց տանուլ է տվել պատերազմում, Արցախը մատնել է աղետի ու կորստյան, հազարամյակների պատմության ընթացքում առաջին անգամ հայկական այս բնօրրանը հայաթափության է հասցրել, ՀՀ բուն տարածքից ահռելի կտորներ է զիջել ցեղասպանական ոճրագործ թշնամուն:

Ու հիմա, կներեք, քանի՞ գրոշ արժեն Արմեն Գրիգորյանի ու, առավել ևս, Նիկոլ Փաշինյանի նմանօրինակ հայտարարությունները: Այդ ինչպե՞ս է լինում, առհասարակ, որ «հարձակման դեպքում պաշտպանվելու», կարողություններ ձեռք բերելու մասին պնդում է ներկայացուցիչը նույն իշխանության, որի ղեկավարը որտեղ նստում է, հենց միայն այն մասին է խոսում, որ ՀՀ ղեկավարությունը ոչ մի դեպքում ռազմական ճանապարհով չի փորձում և չի փորձելու ազատագրել թշնամու կողմից զավթված իր ինքնիշխան տարածքները: Այլ բան էլ է հետաքրքիր: Շատերն են նկատել, որ ինչքան շատ է Նիկոլ Փաշինյանը խոսում խաղաղությունից, խաղաղության խաչմերուկից ու խաղաղության պայմանագրից, այնքան ավելի հաճախ է նրա իսկ ԱԳ նախարարությունը ակնարկում հնարավոր պատերազմի, ադրբեջանական ռազմական ագրեսիայի հնարավորության մասին: Շատերին թվում է, թե այստեղ հակասություն կա: Չկա:

Պարզապես հիշեք, որ երբ Կիրանցի, Ոսկեպարի մերձակա հայկական տարածքները այս իշխանությունները պատրաստվում էին հանձնել թշնամուն, Նիկոլ Փաշինյանը մեկնել է այնտեղ ու Հայաստանի քաղաքացիներին ահաբեկել, թե՝ պետք է հանձնել, հակառակ դեպքում պատերազմ կսկսվի: Հաջորդ շաբաթ: Հիշեցի՞ք: Իսկ հիմա պարզապես դերաբաշխում է արվել: Փաշինյանը խոսում է խաչմերուկից, միջանցքից և այլն, իսկ նրա ԱԳ նախարարը բացեիբաց ակնարկում է պատերազմի մասին: Երբ համադրում ես, նույն սպառնալիքն է. եկեք միջանցքը հանձնենք թշնամուն, թե չէ պատերազմ կսկսվի: Ահա և՝ փաշինյանական իշխանության ամենայն «բրնձելացավի» արմատը:

դիտվել է 267 անգամ
Լրահոս
Իրանի շուրջ զարգացումներում «լճացած» իրավիճակ է․ իրանագետ Մրգաշենում կատարված uպանության մեղադրանքով ձերբակալված եղբայրները կալանավորվել են. ՔԿ Թրամփի միակ դաշնակիցը Ո՞վ է ուզում խաղից հանել Վենսին Վթարից տուժած մոր ու երեք երեխաների վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր․ «Փաստինֆո» Հայը չի ընտրել Արցախի հանձնումն ու թուրքի առաջ ծնկելը․ Հովհաննես Ավետիսյան Հունգարիայի վարչապետը չի մասնակցի Կիպրոսում կայանալիք ԵՄ գագաթնաժողովին. Politico Երևան-Դիլիջան-Իջևան երթուղին սպասարկող «ГАЗель»-ը վթարի է ենթարկվել, ուղևորները վիրավորվել են Մրգաշեն գյուղի ատամնաբույժի սպանության համար մեղադրվող 20 և 17-ամյա եղբայրները ձերբակալվել են Ծառուկյանի ամենամեծ պաշտոնը ու ոմանց դատարկությունը Փարաքարի համայնքապետի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանքի տակ․ «Փաստինֆո» ԱՄՆ-ն հրաժարվել է Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով Վալոդյա Գրիգորյանի գործը փաստացի ընթանում է ի սկզբանե թելադրված և ուղղորդված սցենարով․ Թանդիլյան Բախվել են «Mercedes»-ը և «BMW»-ն․ 6 վիրավոր կա Ո՞ւմ միջոցով են շփվում Չես կարողանում հաղթե՞լ, բարեկամացի՞ր Մոսադի նորանշանակ ղեկավարն առաջարկել էր միջուկային մարտագլխիկներ վաճառել Թուրքիային Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում Ինչ պահանջ ունի Զելենսկին Ցրտահարության վտանգ. առաջիկա գիշերը ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում Թուրքիայի դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհերի թիվը շատացել է Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ բախվել են «Opel»-ը և «Lixiang»-ը, վերջինն էլ բախվել է ծառին Թրամփը հայտարարել է Իրանի դեմ գործողության ավարտի մասին «ՆԱՏՕ-ն մեզ հետ չի եղել և մեզ հետ չի լինի ապագայում»․ Թրամփ Ի՞նչ է մտածում Թրամփը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am