Հասարակական տրանսպորտի թանկացման մասին՝ ՊԵԿ-ը
Պետեկամուտների փոխնախագահ Վախթանգ Միրումյանը վստահեցնում է,որ հաջորդ տարի հանրային տրանսպորտը չի թանկանա, անկախ այն հանգամանքից, թե ինչ կկատարվի գազի գնի հետ: Նա հիշեցրեց, որ նախկինում սեղմված գազի 1խմ-ը Հայաստանում վաճառվում էր 200 դրամով, հիմա՝ 170-180-ով, բայց տրանսպորտի սակագինը մնացել է անփոփոխ: «Այսինքն, մենք հիմա ունենք 20-30 դրամի խնայողություն, հետևաբար նույն չափով թանկացումը հիմք չի տալիս ենթադրելու, որ դա կբերի հասարակական տրանսպորտի սակագնի թանկացման»,- պատասխանելով պատգամավորների հարցերին` ասաց Միրումյանը: Նշենք, որ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն ավելի վաղ հայտնել էր, որ 2018 թվականին Հայաստան մատակարարվող գազի գինը չի փոխվի և կպահպանվի հազար խորանարդ մետրի դիմաց 150 դոլարի մակարդակում։
