Քլինթոնը հաղթել է Հարավային Կառոլինա նահանգի փրայմերիզում
ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հաջողության է հասել Հարավային Կառոլինա նահանգում դեմոկրատների միջև պայքարի ընթացքում: РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ բոլոր քվեաթերթիկների հաշվելուց հետո պարզվել է, որ նախկին պետքարտուղարը ստացել է ձայների 73.5 տոկոսը: Նրա մրցակից, սենատոր Բեռնի Սանդերս ստացել է ձայների 26 տոկոսը: Հարավային Կառոլինայում կայացած ընտրություններում Քլինթոնը ձեռք է բերել 39 պատվիրակների աջակցություն, որոնք նրա օգտին քվեարկելու են հուլիսին կայանալիք համակուսակցական համագումարի ընթացքում, երբ որոշվելու է Դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածուն: Սանդերսն իր հաշվին գրանցել է ընդամենը 14 ձայն: Ընդհանուր առմամբ՝ համագումարին հաղթանակի համար անհրաժեշտ է հավաքել 2383 պատվիրակների ձայներ: Նախնական տվյալներով՝ այս հաղթանակից հետո Քլինթոնը ունի 544 ձայն, իսկ Սանդերսը՝ ընդամենը 85:
